211652_close_icon
views-count1114 դիտում article-date 19:16 07-05-2020

Հայաստանը մնում է կիսաավտորիտար պետություն, թեև իր ժողովրդավարական ցուցանիշները բարելավել է․ Freedom House

Հայաստանը իր ժողովրդավարական ցուցանիշները բարելավել է 2,93-ց մինչեւ 3,00 բալ, նշվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit-2020 նոր զեկույցում։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանը նախկինի պես մնում է կիսահամախմբված ավտորիտար ռեժիմով պետություն: Զեկույցի հեղինակները ուշադրություն են դարձրել Հայաստանում եւ Ուկրաինայում երկու տարվա ընթացքում վերափոխումներին։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այժմ կբախվեն հույսերն արադարացնելու, վստահությունը պահպանելու եւ առանց ժողովրդավարական նորմերը խախտելու կոռումպացված համակարգերի վերակազմավորման բարդ խնդրի հետ»,- ասվում է զեկույցում։ Զեկույցում հեղինակները նաեւ անդրադարձել են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցին։ Ըստ հեղինակների՝ այդ հարցը «գլխացավանք է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար», ով նախագիծը ժառանգել է կոռումպացված վարչակազմից, որը տապալվեց 2018թ․ ժողովրդական ցույցերի ժամանակ։ «Ակտիվիստները մի քանի ամսվա ընթացքում արգելափակում էին դեպի հանքավայր տանող ճանապարհները։ Նրանց խոսքերով՝ եթե Փաշինյանը հավանություն տա այս նախագծին, ապա կապացուցի, որ ոչնչով չի տարբերվում այն ղեկավարներից, ում նա փոխարինել է»,- հավելում են զեկույցի հեղինակները։ Նշենք, որ վարկանիշի համաձայն, ամենաժողովրդավարական երկրներից են համարվում Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան։ Մյուս բեւեռում են Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ադրբեջանը։

Նմանատիպ նյութեր