211652_close_icon
views-count98769 դիտում article-date 15:07 07-05-2020

Տավուշցի գործարարն ասում է. «Նախկին պատգամավորը, ընկնելով ագահության հետևից, ավերել է Աղստև գետը, իսկ մարզպետը գործ անելու փոխարեն մենակ ճառում է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Խաշթառակ գյուղի վարչական տարածքում գրեթե 10 տարի է, գործում է «Հեքիաթ» հանգստյան գոտին։ Մինչ այդ, նշված տարածքը եղել է անբարեկարգ, և նույն գյուղի բնակիչ, գործարար Սամվել Մատինյանը որոշում է մաքրել ու բարեկարգել նշված տարածքը, որից հետո ստեղծում է «Հեքիաթ» հանգստյան գոտին։ Ամեն տարի ունեցել են հաճախորդներ, այդ թվում՝ արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ, և հեղափոխությունից հետո կրկնապատկվել է այցելուների թիվը, ինչը դարձել է ոգևորության պատճառ, և Ս. Մատինյանն իր ընկերների, հարազատների հետ որոշել է ավելացնել որոշ բաներ տարածքում և լծվել է այդ գործին։ Երեխաների համար արդեն կառուցվում են խաղահրապարակներ, մարզադաշտ, փայտյա ու քարե փոքրիկ զրուցարաններ, որպեսզի, երբ հյուրերն ու զբոսաշրջիկները ժամանեն նշված վայր, գոհ վերադառնան իրենց երկրներ ու հավատան, որ հեղափոխությունից հետո Տավուշի մարզում տուրիզմը զարգանում է։ Այսօր՝ մայիսի 7-ին, գործարար Ս. Մատինյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրեն գործարար համարող Խաչատուր Քոքոբելյանը, չգիտես ում բարձր հովանու ներքո, ավերել է Աղստև գետը՝ իր ՀԷԿ-ը աշխատեցնելու նպատակով խախտելով սահմանված նորմերը. քարե պատնեշ է կառուցել։ Բազմաթիվ անգամ փաստերով, եզրակացություններով նրան համոզել ենք, որ պետք է պատնեշը 1 մետր քանդի։ Ընդունել ու խոստացել է, որ կանի, սակայն հետո, չգիտես ինչու, հրաժարվել է, և նա, տարվելով ագահության մոլուցքով, հրաժարվում է անգամ գյուղապետերի որոշումները կատարել։ Հեղափոխության օրերին մենք էլ, հավատալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ Հայաստանում այլևս անցյալ է զոռբայությունն ու լկտիությունը, նրա հետ պայքարել ենք իր գաղափարների համար, բայց ստացվում է, որ ինչ-որ Խաչատուր Քոքոբելյան կարող է իր սրտի ուզած ձևով կատարել հակաօրինական գործողություններ, այդ թվում՝ ոտնձգություն նաև բնության նկատմամբ, ու մնա անպատիժ։ Քանի անգամ գնացել եմ ու հանդիպել մարզպետ Հայկ Չոբանյանին, սակայն նա ոչինչ չի ձեռնարկում հակաօրինականության դեմն առնելու ուղղությամբ։ Նա լավ ճառ ասող է, սիրուն խոսքեր է ասում, մեկ էլ գրությունների տակ պեչատ խփող, ու ուզում ենք, որ վարչապետն իմանա, որ նման ապօրինություններ են կատարվում Տավուշի մարզում։ Աշխատատեղեր ենք ստեղծել, ինչի արդյունքում էլ չենք լքել մեր հողն ու ջուրը, բաց Քոքոբելյանի նման մեկը հայտնի հեքիաթի ագահ հերոսի նման մարդկանց օրինական բիզնեսը ոչնչացնելով՝ ուզում է մի քանի կոպեկ ավել հոսանք վաճառի։ Դիմում ենք վարչապետ Ն. Փաշինյանին. Դուք կարող եք հանձնաժողով ուղարկել ու տեղում ուսումնասիրեն խնդիրը, և եթե ձեզ ճիշտը զեկուցեն, ապա դուք վերջ կտաք Խ. Քոքոբելյանի ագահությանը»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված տարածքում Ս. Մատինյանն ուզում է ավելացնել մի քանի տաղավարներ, խաղահրապարակներ, որպեսզի շարունակի նաև ավելացնել աշխատատեղերի թիվն ու իր բարեգործական ակցիաները։ Իսկ բարեգործություններ նա բազմաթիվ անգամներ է արել. սոցիալապես անապահով մեծ թվով ընտանիքներ, մարզի մի քանի դպրոցների աշակերտներ, սպորտսմեններ անվճար օրեր շարունակ իրենց հանգիստն են անցկացրել «Հեքիաթ» հանգստյան գոտում։ Այս պահին Աղստև գետի նշված հատվածը, որը, ըստ Ս. Մատինյանի, Խ. Քոքոբելյանը հիմնովին ավերել է, գետի վարարման պատճառով հունից դուրս է եկել ու ողողել է մեծ թվով տարածքներ։ Այստեղ անելիք ունեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարարությունը, քանի որ Ս. Մատինյանը մի քանի անգամ պնդում էր, որ մարզպետ Հ. Չոբանյանը ոչինչ չի ձեռնարկի, կգա հերթական անգամ ճառ կասի ու կգնա, իսկ դրանից սայլը տեղից չի շարժվի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր