211652_close_icon
views-count2843 դիտում article-date 10:38 07-05-2020

Ստացվում է, որ այժմ ոչ ոք իրավունք չունի ընդդիմություն լինելու․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Աշխարհի, նաև Հայաստանի բոլոր կառավարություններն ունեն իրենց կողմից շատ սիրված և պարբերաբար հնչեցվող բանաձևեր, որոնցից մեկը հետևյալն է. «Մենք դեմ չենք քննադատությանը, նույնիսկ խրախուսում ենք այն, բայց քննադատությունը պետք է լինի կառուցողական»: Թարգմանաբար դա նշանակում է. «Մենք պիտի որոշենք, թե որ քննադատությունն է կառուցողական: Բայց քանի որ մենք անթերի ենք, մեր հասցեին կառուցողական քննադատություն, ըստ բնորոշման, չի կարող լինել: Իսկ այն բացասական գնահատականները, որոնք հնչում են մեր հասցեին, պայմանավորված են ոչ թե հանրության, այլ վատ մարդկանցից բաղկացած խմբերի շահերով»: «Վատ մարդիկ» արտահայտության վերծանումը կարող է տարբեր լինել՝ դավաճաններ, թալանչիներ, օտարերկրյա գործակալներ և այլն: Այսօրվա էքստրեմալ իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածումը Հայաստանում ձեռք է բերում սպառնալից մասշտաբներ, իշխանության գործողությունների քննադատությունը նույնպես անհրաժեշտ է: (Բնականաբար, դրա տոնայնությունը պետք է լինի զուսպ և հնարավորինս ոչ հուզական): Չի կարող պատահել, որ մարտի սկզբից կորոնավիրուսի դեմ կառավարության ձեռնարկած և ձեռնարկվող բոլոր քայլերը լինեն ճիշտ և հաշվարկված՝ չկա աշխարհիս երեսին այդպիսի կառավարություն: Անհնարին է նաև, որ ապրիլի կեսերին մեր իշխանության ձեռնարկած տնտեսական և սոցիալական բոլոր միջոցառումները այլընտրանք կամ առնվազն ճշգրտման կարիք չունենան: Բայց արի ու տես՝ քանի որ այս քայլերը կասկածի տակ դնողներն իմ հիշատակած «վատ մարդիկ» են, նրանց դիտարկումները պետք է արհամարհել ու շարունակել մնալ քննադատությունից դուրս: Եվ այստեղ մենք գալիս ենք բոլոր իշխանությունների կողմից սիրված մեկ այլ բանաձևի՝ «նրանք չեն կարող ընդդիմություն լինել»: Հիշո՞ւմ եք, 2015 թվականի փետրվարին ՀՀԿ-ն հրապարակային դատաստան տեսավ Գագիկ Ծառուկյանի հանդեպ և որոշեց, որ նա իրավունք չունի զբաղվելու քաղաքականությամբ: Ծառուկյանին կարելի է տարբեր ձևով վերաբերվել, բայց ոչ մեկին իրավունք չի տրված որոշելու՝ նա (կամ ՀՀ որևէ քաղաքացի) կարո՞ղ է, թե՞ չի կարող զբաղվել քաղաքականությամբ: Ընդդիմություն լինել-չլինելը նույնպես ոչ մեկը չի կարող որոշել: Ենթադրենք X քաղաքացին ունի ընդդիմադիր հայացքներ, որոնք կիսում է 5 հոգի, իսկ Y-ի հայացքների հետ համաձայն է մեկ միլիոն մարդ: Երկուսն էլ իրավունք ունեն ընդդիմություն լինելու. թե որքանով են նրանք ազդեցիկ, որոշվում է քաղաքական գործընթացների ժամանակ և, մասնավորապես, ընտրությունների միջոցով: Ներկայիս իշխանությունների տրամաբանությունը, սակայն, հետևյալն է. նրանք, ովքեր մինչև 2018 թվականը իշխանության մեջ էին, չեն կարող ընդդիմություն լինել, որովհետև կոռումպացված էին, իսկ նրանք, ովքեր հեղափոխությունից առաջ իշխանության մեջ չէին, բայց հիմա քննադատում են իշխանության այս կամ այլ քայլը, նույնպես ընդդիմություն չեն կարող լինել, որովհետև գաղտնի կապեր ունեն «նախկին իշխանությունների» հետ: Այդ դեպքում ստացվում է, որ այժմ ոչ ոք իրավունք չունի ընդդիմություն լինելու»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր