211652_close_icon
views-count618 դիտում article-date 10:49 06-05-2020

Այժմ ավելի, քան երբևէ, անհրաժեշտ է բարյացակամ և նրբանկատ լինել իրար նկատմամբ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե այսօր խնդիր է դրված, որ հասարակությունը կենտրոնանա և համախմբվի մահաբեր վարակի դեմ պայքարի վրա, ապա դա չի նշանակում, որ այլ թեմաներից (այդ թվում՝ քաղաքական) չի կարելի խոսել: Բայց դա նշանակում է, որ ինչպես առաջ, այնպես էլ առավել ևս հիմա, խոսակցությունը պետք է լինի զուսպ, առարկայական, բովանդակային: Եվ այժմ ավելի, քան երբևէ, անհրաժեշտ է բարյացակամ և նրբանկատ լինել իրար նկատմամբ: Հոգեբաններն ապացուցել են, որ ցանկացած կոպիտ (անգամ ոչ հայհոյական) բառ բանավոր կամ գրավոր տեքստում շեղում է ընկալողի ուշադրությունը և խանգարում է նրան հասկանալ տեքստի բուն բովանդակությունը: Անցած-գնացած բան է, ուղղակի բերում եմ որպես օրինակ. երբ ներկայիս վարչապետն օգտագործել էր «պատերի տակ վնգստալ» կամ «շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտությունները, բոլորը հասկացել էին, թե ում մասին է խոսքը, բայց ելույթների բովանդակությունը քչերի հիշողության մեջ է տպավորվել: Այս պահիս դժվար թե որևէ մեկը հիշի, թե որն էր խոսակցության բուն առարկան: Ես էլ, ճիշտն ասած, պետք է google-ի մեջ փնտրեմ այդ բառակապակցությունները, որպեսզի հասկանամ այն համատեքստը, որում դրանք ասված էին: Օգնո՞ւմ են, արդյոք, նման արտահայտությունները քաղաքական գործիչներին՝ հասնելու իրենց նպատակներին: Կարճաժամկետ հեռանկարում, շատ դեպքերում՝ այո. ամբոխը հրճվում է և ծափահարում: Նպաստո՞ւմ է, արդյոք, դա որևէ խնդրի լուծմանը: Խիստ կասկածում եմ: Մեկ այլ օրինակ. երբ բժիշկը վիրահատության ժամանակ ձայն է բարձրացնում բուժքույրերի վրա, վտանգ է առաջանում, որ վերջիններս հիվանդին սխալ դեղամիջոց կներարկեն (և այդպիսի դեպքեր համաշխարհային պրակտիկայում պատահել են): Ավելին՝ բժշկի գոռգոռոցները բացասաբար են ազդում նաև հիվանդի հոգեվիճակի վրա, իսկ հոգեբանական բարենպաստ ֆոնը, ինչպես հայտնի է, առողջացման հիմնական նախապայմաններից մեկն է: Բժիշկը մի քանի րոպե ինքնահաստատվում է, որից հետո գուցեև զղջում է իր բռնկման համար: Հիվանդը տուժում է, նրա առողջանալն առնվազն հետաձգվում է անորոշ ժամանակով: Նույն օրինաչափություններն են գործում հասարակության հոգեբանական առողջության դեպքում՝ մանավանդ հիմա, երբ գոյություն ունի համավարակով պայմանավորված ընդհանուր սթրեսային վիճակը: Դա պետք է ազդակ լինի՝ ցանկացած հարց քննարկելիս բառապաշարը մեղմացնելու, և ուժեղ, «խարազանող» բառի կամ բառակապակցության փոխարեն ընտրել պակաս հուզականը, առավել չեզոքը: Անգլերենում այդ գործողությունը նկարագրելու համար կա հատուկ բառ՝ «hedge», որն ուղղակի թարգմանությամբ «ցանկապատն» է, իսկ փոխաբերական իմաստներից մեկն առնչվում է սեփական խոսքն ինքնակամ «ցանկապատելուն»: Կա, իհարկե, մեկ այլ մոտեցում, ըստ որի, «ներքին թշնամիների» հանդեպ պետք է անողոք լինել: Էլի մոտեցում է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր