Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 5-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ողջույնի խոսքից հետո Խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ մասնավորապես ուղղված կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանը և արտակարգ դրության պայմաններում դատական իշխանության բնականոն, անխափան և շարունակական աշխատանքի ապահովմանը՝ գերակա համարելով հանրային առողջությունը:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ներկայացրեց Իրանում առկա վիճակը համավարակի պայմաններում՝ նշելով, որ երկրում մի քանի տասնյակ հազարի հասնող վարակված անձանց 80%-ն արդեն իսկ ապաքինվել է:
Կողմերը հույս հայտնեցին, որ համավարակը շուտով կլքի ամբողջ աշխարհը, և մարդկությունը հնարավորություն կունենա վերադառնալ իր բնականոն կյանքին:
Հանդիպմանը քննարկեցին դատական իշխանությանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Առանձնակի կարևորվեց հարևան երկու երկրների դատական մարմինների արդյունավետ համագործակցությունն ու փոխգործակցության խորացումը:
[b]Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի
մամուլի և հասարակայնության
հետ կապերի ծառայություն[/b]