211652_close_icon
views-count3447 դիտում article-date 10:49 05-05-2020

Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի նահանջել, ոչ էլ նրա մեջքն է կոտրվել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մեր կառավարությունը՝ աշխարհի գրեթե բոլոր կառավարությունների նման, կանգնած է ծանրագույն երկընտրանքի առաջ՝ սպանել տնտեսությո՞ւնը, թե՞ թույլ տալ, որ կորոնավիրուսով վարակվածների, և, հնարավոր է, մահերի թիվը բազմապատկվի: Այդ երկու ճանապարհներն ունեն իրենց առավելություններն ու սարսափելի վտանգները, բայց Հայաստանի դեպքում պարզ է, որ առաջին տարբերակը երկար պահպանելն անհնարին է տնտեսապես, քաղաքականապես, ինչպես նաև կազմակերպչական և «մենթալիտետային» տեսանկյունից: Մարդկանց տանը պահելն այլևս անհնարին էր: Մյուս կողմից՝ համոզել հայաստանցիներին, որ նրանք գիտակցաբար, ինքնակամ դրսևորեն սոցիալական պատասխանատվություն և պահպանեն հիգիենայի կանոնները, նույնպես, իմ կարծիքով, անհնարին է: Մնում է վերահսկողությունը, բայց այստեղ նույնպես, մեղմ ասած, լրջագույն խնդիրներ կան: Վերահսկողությունը պետք է իրականացնի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Պարզ չէ, սակայն, թե ինչպես է պետական կառույցը դա անելու: Չեմ պատկերացնում թե ինչպես են այդ մարմնում աշխատող փոքրաթիվ աշխատակիցները հսկելու հարյուրավոր ռեստորանների, սրճարանների, վարսավիրանոցների, առևտրային, արտադրական ու ոչ արտադրական ձեռնարկությունների աշխատանքը: Լավ, ենթադրենք, հազար խախտումներից մեկը հաջողվի արձանագրել: Ի՞նչ է դրան հետևելու: Ինչպե՞ս, իրավական ո՞ր նորմերի հիման վրա է տնտեսվարողը պատժվելու, տուգանվելու: Պարզ է, որ այստեղ պարետի կարգադրություններով և մեկ տեսչությամբ հնարավոր չէ սահմանափակվել: Հույս դնել, որ քաղաքացիներն իրենք կնկատեն խախտումը և կահազանգեն, նույնպես, կարծում եմ, անիմաստ է: Այստեղ պետք է աշխատի ոստիկանական ողջ համակարգը: Եվ քանի որ ենթադրելի է, որ իրավիճակը շարունակվելու է ամիսներ, Ազգային ժողովն էլ, հավանաբար, պետք է պատիժների հարցում հստակություն մտցնի: Մարդկանց շատ դժվար է համոզել, որ թեև սահմանափակումների մի մասը վերացել է, կորոնավիրուսը ոչ մի տեղ չի նահանջել: Ոչ էլ նրա մեջքն է կոտրվել: Վերջին օրերին Հայաստանում ամեն օր հայտնաբերվում է 100-ից ավելի դեպք, և ամենացավալին այն է, որ մարդիկ դրան սկսել են մի տեսակ վարժվել: Այդպիսի վերաբերմունքով դժվար չէ կանխատեսել, որ հունիսի սկզբին վարակվածների թիվը մի քանի հազարով կավելանա: Այս պարագայում մեր հիվանդանոցների մահճակալները և բժիշկների ծառայությունները կհերիքեն միայն ծանր հիվանդների համար: Մնացածը բուժվելու են իրենց տներում, և դարձյալ հույսը դրվելու է մարդկանց գիտակցական վարքի վրա: Իսկ ինչպիսին է մեր գիտակցության մակարդակը, կարող եք հասկանալ՝ դուրս գալով փողոց: Մնում է պարզապես ևս մեկ անգամ կոչ անել՝ մնալ տանը բոլոր այն դեպքերում, երբ տնից դուրս գալու անհրաժեշտություն չկա: Հասկանում եմ, որ մարդկանց մեծամասնությունն այդ կոչը կարհամարհի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր