211652_close_icon
views-count963 դիտում article-date 12:35 01-05-2020

Աշխատավորների իրավունքների պաշտպանությունը` ուշադրության կենտրոնում․ Արցախի նախագահի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանությունը միշտ եղել է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Իսկ ներկա պայմաններում, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ մեր երկրում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվում են խիստ միջոցառումներ ու սահմանափակումներ, այն ավելի է կարևորվում: Մեր բոլոր գործողությունները միտված են նրան, որպեսզի ստեղծված իրավիճակում հնարավորինս պաշտպանենք մեր քաղաքացիներին, պահպանելով մարդկանց առողջությունը, կարողանանք ապահովել բարենպաստ ու անվտանգ աշխատանքային պայմաններ նրանց համար: Պետության գլխավոր նպատակներից եղել և մնում է այն, որ ամեն մեկը հնարավորություն ունենա աշխատել ու արարել սեփական հողի վրա, ստեղծել նյութական, մշակութային եւ հոգևոր արժեքներ՝ դրանով իսկ նպաստելով ինչպես իր եւ իր ընտանիքի բարեկեցության ու բարօրության ապահովմանը, այնպես էլ մեր հայրենիքի զարգացմանն ու զորացմանը: Թանկագի՛ն բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»:

Նմանատիպ նյութեր