2019-ին ՀՀ-ում գրանցվել է հանցագործության 26․850 դեպք՝ 8 տոկոսով ավելի, քան 2018-ին. Արթուր Դավթյան
2019-ին ՀՀ-ում գրանցվել է հանցագործության 26․850 դեպք: Նախորդ տարվա համեմատ՝ դեպքերն ավելացել են 8 տոկոսով: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով դատախազության 2019-ի աշխատանքները, հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ աճը հիմնականում պայմանավորվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ մասնավորապես՝ գողությունների դեպքերով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերով: Աճի վրա ազդեցություն են թողել նաև լատենտայնությամբ աչքի ընկնող բազմաթիվ հանցագործություններ: Տարեցտարի մենք ունենում ենք բարելավում հանգագործների հաշվառման գործընթացում»,-նշեց նա:
Նա ընդգծեց, որ 2019 -ի տվյալներով՝ 100 հազար բնակչին բաժին է հասնում հանցագործության 906 դեպք, ինչով ՀՀ-ն էականորեն լավ դիրքերում է ԱՊՀ շատ երկրների համեմատությամբ:
Դավթյանի խոսքով՝ 2019-ի ընթացքում եղել է հանցագործությունների բացահայտման շուրջ 4 տոկոսով նվազում, բայց սպանությունների, սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով եղել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշների լուրջ աճ:
«2019-ին բացահայտվել է քանակական առումով ավելի շատ հանցագործություն, քան 2018-ին. տարբերությունը եղել է 848: 2019-ին բացահայտվել է 17․701, իսկ 2018-ին՝ 16․853 դեպք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է սպանությունների թվին, Գլխավոր դատախազը նախ նշեց, որ 2018 -ին արձանագրվել էր վերջին 30 տարում ամենացածր ցուցանիշը՝ 35 դեպք, ապա հայտնեց, որ 2019-ին արձանագրվել է 47 դեպք՝ 12 դեպքով ավելի: