211652_close_icon
views-count3774 դիտում article-date 15:55 27-04-2020

Անորոշ ժամանակով կհետաձգվի վերջին զանգի արարողությունը

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 2019-2020 թթ․ ուսումնական տարվա ավարտին իրականացվելիք վերջին զանգի արարողությունը կհետաձգվի անորոշ ժամանակով։ «[url=https://armenpress.am/arm/news/1013544.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ես գիտեմ, որ բոլոր աշակերտների կյանքում վերջին զանգի արարողությունը շատ կարևոր է, քանի որ կյանքի մի էջ փակվում է, մեկ ուրիշը՝ բացվում։ Չնայած այս ամենին, չպետք է մոռանանք, որ ունենք համավարակի տարածման խնդիր և երիտասարդների, պատանիների մոտ վարակը հիմնականում լինում է առանց ախտանշանների։ Պետք է հասկանանք, որ մեծ միջոցառումներ իրականացնելու դեպքում հնարավոր է հիվանդությունը տարածվի, և վարակվեն ընտանիքի անդամները, ովքեր կարող են ունենալ քրոնիկական հիվանդություններ»,- նշեց Հարությունյանը։ Նախարարի խոսքով՝ վերջին զանգի միջոցառումները կանցկացվեն միայն այն ժամանակ, երբ Առողջապահության նախարարությունը կհայտարարի համավարակի հաղթահարման մասին, և գործող սահմանափակումները կվերացվեն: «Մենք միասին կորոշենք որևէ օր ու վերջին զանգի արարողությունները կիրականացնենք: Նախարարություններն ու պաշտոնյաներն էլ ձեզ հետ կմասնակցեն»,- խոստացավ ԿԳՄՍ նախարարը: Հարությունյանն անկեղծացավ և նշեց, որ կարանտինից հետո նման միջոցառումների և ուղղակի փողոց դուրս գալու, շփվելու կարիք շատերն ունեն, հետևաբար, երբ թույլատրվի հանրային միջոցառումներ իրականացնել, կնշվի նաև վերջին զանգը: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և ուսուցումը շարունակվում է հեռավար եղանակով։

Նմանատիպ նյութեր