211652_close_icon
views-count2331 դիտում article-date 21:48 26-04-2020

Ռուբեն Մելիքյան. Կաթողիկոսական ձեռնադրության կարգը հավանաբար սկիզբ է առել 7-րդ դարում

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հատկապես երիտասարդ սերունդը, կարծում եմ, առանձնապես տեղյակ չէ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գլխավոր գահակալի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի «պաշտոնաստանձնման» ընթացակարգի մասին, մինչդեռ այն շատ հետաքրքիր է և որոշ առումով նույնիսկ բացառիկ՝ մյուս առաքելական եկեղեցիների շարքում։ Այդ գործընթացը կարելի է բաժանել երկու մասի՝ իրավական և ծիսական ընթացակարգեր։ 1) ԻՐԱՎԱԿԱՆ առումով Ամենայն Հայոց Հայրապետն ընտրվում է ներկայացուցչական ժողովի կողմից, որը 19-րդ դարից ի վեր կոչվում է «Ազգային-եկեղեցական ժողով»։ Ընդ որում, ժողովին մասնակցում են ինչպես հոգևորականներ, այնպես էլ աշխարհականներ, իսկ Ժողովի պատվիրակների մեծ մասն ընտրվում են ըստ թեմերի ներկայացվածության սկզբունքով։ Մինչև խորհրդային շրջանը՝ սահմանված էր Ժողովի ընտրած թեկնածուի հաստատման ավանդույթ այն պետության բարձրագույն իշխանության կողմից, որտեղ տվյալ ժամանակամիջոցում տեղակայված է եղել Ս.Գրիգոր Լուսավորչի Աթոռը։ Օրինակ՝ 1828-ին Էջմիածինը Ռուսական կայսրության իրավազորության ներքո անցնելուց հետո սահմանված էր հետևյալ կարգը. առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները ներկայացվում էին Ցարին, որն էլ իրավասու էր կատարել նշանակումը։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում Ցարը նշանակել է առավել ձայներ ստացած թեկնածուին։ Որքան ինձ հայտնի է՝ միակ բացառությունը 124-րդ կաթողիկոս Մակար Ա-ն է եղել։ 2) ԾԻՍԱԿԱՆ առումով Ամենայն Հայոց Հայրապետը հանդիսավորությամբ ձեռնադրվում և օծվում է 12 եպիսկոպոսների կողմից՝ Սուրբ Պատարագի ընթացքում։ Այս ծիսակատարությունը թերևս մեր եկեղեցու բացառիկ առանձնահատկությունն է. մյուս առաքելական եկեղեցիներում ձեռնադրությունը ավանդաբար սահմանափակվում է միայն եկեղեցու երեք ավանդական դասեր ընդունելով՝ սարկավագ, երեց (քահանա), եպիսկոպոս։ Մեզ մոտ՝ փաստորեն նաև կաթողիկոս։ Կաթողիկոսական ձեռնադրության կարգը հավանաբար սկիզբ է առել 7-րդ դարում՝ Ամենայն Հայոց 25-րդ Կաթողիկոս Աբրահամ Ա-ից, իսկ օծումը՝ կա՛մ 10-րդ դարում (55-րդ Կաթողիկոս Վահան Ա-ից) կամ 12-րդ դարում (63-րդ Կաթողիկոս Գրիգոր Գ-ից կամ նրա հաջորդ Ս.Ներսես Դ Շնորհալուց)։ Ճանաչե՛նք մեր եկեղեցին։ ՀԳ. Շատ հետաքրքիր է մեր քույր եկեղեցիներից Ղպտի եկեղեցու առաջնորդի՝ Ալեքսանդրիայի պապի ընտրության կարգը։ Եկեղեցական-աշխարհական ժողովում առավել ձայներ ստացած երեք թեկնածուների թվից Պապն ընտրվում է վիճակահանությամբ։ Վիճակ քաշողը պիտի պարտադիր 5-ամյա տղա լինի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր