211652_close_icon
views-count810 դիտում article-date 14:20 25-04-2020

Բանկային գաղտնիքը առանց դատարանի որոշման պետական մարմնին հասանելի դարձնելը մասնավոր շահի կոպիտ ոտնահարում է. պատգամավոր

«Բանկային գաղտնիքը առանց դատարանի որոշման որեւէ պետական մարմնին հասանելի դարձնելը համարում եմ մասնավոր շահի կոպիտ ոտնահարում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով բանկային գաղտնիքին եւ դրա պետական մարմիններին հասանելի դարձնելու հանգամանքին: Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին ժամանակահատվածում մենք ականատես ենք լինում Հայաստանում բանկային գաղտնիքի ինստիտուտի հետեւողական եւ հաստատուն քայլերով թուլացման գործընթացին: Ողջունելով ՊԵԿ-ի հայտարարությունը՝ բանկային գաղտնիքին հասանելիություն ստանալու վերաբերյալ վերջինիս նախագծերը հետ կանչելու մասին, այդուհանդերձ ուզում եմ անդրադառնալ այս թեմային՝ հետագայում նմանատիպ նախագծերը հնարավորինս կանխելու նպատակով: 1.Բանկային գաղտնիքի ինստիտուտը բանկային համակարգի արդյունավետ գործունեության, ֆինանսական համակարգի կայունության եւ բանկային գործառնություններից օգտվող անձանց մասնավոր շահերի պաշտպանության կարեւոր երաշխիքներից մեկն է: 2.Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պետական մարմիններին եւ պաշտոնատար անձանց կարող են տրամադրվել միայն այն սահմաններում եւ չափով, որքանով դա անհրաժեշտ է հանրային շահի ապահովման համար` պայմանով, որ նախատեսված են մասնավոր անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության գործուն երաշխիքներ: 3. Կարծում եմ՝ պետք է բացառվի դրա երաշխավորման պահանջից ցանկացած կամայական նահանջ: 4.Հետեւաբար բանկային գաղտնիքին հասանելիությունը առհասարակ պետք է տրվի միայն ու միայն շատ խիստ սահմանափակ դեպքերում, դատարանի որոշման հիման վրա, օրենքով սահմանված կարգով, որպեսզի այն չազդի ավանդատուների վարքագծի վրա եւ չառաջացնի ֆինանսական կայունության ռիսկ: 5.Ցանկացած նախագծով արտոնվող հասանելիությունը՝ առանց դատարանի որոշման, համարում եմ մասնավոր շահի կոպիտ ոտնահարում: 6.Նախագծով սահմանված չեն մասնավոր անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության գործուն երաշխիքներ: 7.Նախագիծը ՊԵԿ-ին տալիս է հաշիվներ ուսումնասիրելու լայն հնարավորություն, ինչպես նաեւ հասանելիություն՝ հնարավոր հանցագործության կամ իրավախախտման հետ կապ չունեցող տեղեկատվությանը: 8.Նախագծի ընդունման արդյունքում կարող է ի հայտ գալ անձանց վարքագծի փոփոխության ռիսկ: 9.Սա նախ եւ առաջ վերաբերվում է հատկապես օտարերկրյա ավանդատուներին, եւ ոչ միայն, ովքեր մեր բանկերում ավանդ են դրել՝ իմանալով մեր երկրում ավելի քան 20 տարի բանկային գաղտնիքի ռեժիմի պահպանման մասին: 10.Միեւնույն ժամանակ կարելի է ակնկալել, որ շատ գործարքներ կիրականացվեն՝ պարզապես շրջանցելով բանկային համակարգը: Մինչդեռ բանկերում գոնե գործում է փողերի լվացման դեմ պայքարի համակարգը, որը եւս կարեւոր կանխարգելիչ գործիք է: 11.Հարկ է նշել նաեւ, որ շատ երկրներ ստիպված են եղել գնալ բանկային գաղտնիքի ռեժիմի ազատականացման՝ գերտերությունների պահանջով՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: 12.Եվ այդ երկրներն արդեն իսկ ունեցել են ձեւավորված, պրոֆեսիոնալ, անաչառ եւ վստահելի ինստիտուտներ, որոնց նկատմամբ առկա է եղել հանրային լիակատար վստահություն: 13.Վերջում, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ բանկային գաղտնիքի ինստիտուտը միշտ պետք է դիտարկել ֆինանսական կայունության ապահովման համատեքստում: 14.Եվ խոսքը ոչ միայն ՀՀ բանկային համակարգի նկամամբ վստահության, մեր քաղաքացիների, այդ թվում՝ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների խնայողությունները մեր բանկերում պահելու, այլ առհասարակ ՀՀ-ում ներդրումային միջավայրի մասին է»,-ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրում է Խաչատրյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր