211652_close_icon
views-count106510 դիտում article-date 10:55 25-04-2020

Կրակոցներ Երևանում. Հաղթանակ թաղամասից հայր ու որդի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր` ապրիլի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված թաղամաս են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի վայրը, ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա--Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի, ավագ քննիչ Քորդօղլյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են «Հաղթանակ» թաղամասի 4-րդ փողոցի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանը՝ «Կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ չթափանցող հրազենային վերք» և 27-ամյա Դավիթ Պետրոսյանը՝ «աջ ազդրի հրազենային փակ կոտրվածք, ազդոսկրի կոտրվածք՝ ազդոսկրի տեղաշարժով» ախտորոշմամբ։ Ըստ բժիշկների՝ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել է կրակված պարկուճներ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին դեպքի որոշ մանրամասներ չենք հրապարակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։ Վիրավորների կյանքը հնարավոր է եղել փրկել՝ շնորհիվ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բժիշկների։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով, 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր