211652_close_icon
views-count3840 դիտում article-date 22:36 24-04-2020

Թուրքիան արձագանքել է Թրամփի՝ Ապրիլի 24-ի ուղերձին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձը։ Սպիտակ տան ղեկավարը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված իր ուղերձում օգտագործել է «Մեծ եղեռն» ձևակերպումը և այն անվանել 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը։ Ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի ուղերձին՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ պաշտոնական Անկարան գնահատական է տվել Թրամփի ուղերձին։ Ըստ այդ գնահատականի՝ ԱՄՆ նախագահի ուղերձը «հիմնված է այն սուբյեկտիվ ընկալումների վրա, որոնք հայերի կողմից փորձ է արվում դարձնել դոգմա»։ «Ներքաղաքական նկատառումներով արված այս հայտարարությունը մեզ համար չունի ոչ մի իրավական ուժ: Մենք մերժում ենք այդ հայտարարության մեջ արված պնդումները»: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ դեռևս ուժի մեջ է 1915-ի դեպքերն ուսումնսիրելու նպատակով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը։ «Հավատում ենք, որ եթե ստեղծվի նման հանձնաժողով, ապա փաստերն իրապես կբացահայտվեն»: Հիշյալ հանձնաժողովի ստեղծումն օրակարգից դուրս մղելու համար Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրում է հայերին՝ նրանց անվանելով ծայրահեղականներ։ Ըստ Անկարայի՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը պիտի նկատի դա ու գործի համարժեք։ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության վերջնամասում ասվում է. «Մենք ոգեկոչում ենք Օսմանյան կայսրության անկման շրջանում իրենց կյանքը կորցրած մահմեդական, քրիստոնյա և հրեա քաղաքացիական անձանց հիշատակը»։ Աղբյուր` [url=https://www.ermenihaber.am/am/news/2020/04/24/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D4%B9%D6%80%D5%A1%D5%B4%D6%83/181978] Milliyet.com.tr[/url]

Նմանատիպ նյութեր