211652_close_icon
views-count990 դիտում article-date 10:26 24-04-2020

Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հհիշատակին։ Ա. Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ եմ համարում: Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի: Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը: Հիշում ենք և պահանջում»,- գրել է Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր