211652_close_icon
views-count2671 դիտում article-date 09:42 24-04-2020

Փոմփեոն մեղադրում է Չինաստանին ու ԱՀԿ-ին․ «Ամերիկայի ձայն»

Այսօր, երբ կորոնավիրուսը շարունակում է հազարավոր կյանքեր խլել աշխարհում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն դատապարտում է Չինաստանի կառավարող Կոմունիստական կուսակցությանը` մահաբեր վիրուսի մասին տեղեկությունները գաղտնի պահելու համար: Նա քննադատում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` Պեկինից պատասխանատվություն չպահանջելու համար: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5388978.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Չինաստանը չի տրամադրել ամբողջ տեղեկատվությունը: Փոխարենն այն կոծկել է հիվանդության վտանգավորության աստիճանը և մեկ ամիս ոչինչ չի ասել մարդուց մարդ վարակը տարածվելու փաստի մասին և սպառնացել է բոլոր նրանց, ովքեր փորձել են տեղեկություններ հայտնել աշխարհին»,- ասել է Փոմփեոն: Ամերիկան Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դոնորն է, և մեծաթիվ փորձագետներ են ասում, որ ամենևին ժամանակը չէ կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու համար: Դյուքի համալսարանի պրոֆեսոր Գեյվին Յամեյի խոսքերով, ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը չափազանց տարօրինակ, անհասկանալի որոշում է, որից առավել վնասակար գործողություն ինքը պատկերացնել չի կարող: Նա նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից աշխարհի տարբեր երկրների ցուցաբերվող գիտական առումով օգնությունը, թեստավորման ու պաշտպանիչ պարագաների հատկացումը: Իսկ Փոմփեոն հայտարարում է, թե կորոնավիրուսի դեմ պայքարը ղեկավարում է ԱՄՆ-ը, որը նրա խոսքերով, 100 երկրների հատկացնում է 775 միլիոն դոլար: «ԱՄՆ-ը աշխարհում ամենաառատաձեռն պետությունն է, այդպես է եղել անցած երեք տարիներին ու շարունակելու է լինել այդպիսին այս տարի»,- ասել է Փոմփեոն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերքում է Չինաստանի նկատմամբ հակված լինելու մասին մեղադրանքները և նույնպես պնդում, որ համաշխարհային համաճարակի ժամանակ ֆինանսավորման դադարեցումը կարող է լինել ճակատագրական:

Նմանատիպ նյութեր