211652_close_icon
views-count6829 դիտում article-date 16:24 23-04-2020

Լավրովի հայտարարությունից ի՞նչու եք այդքան պապանձվել. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանոթացա ԱԳՆ մամլո խոսնակի այսօրվա արձագանքին, որը, մեղմ ասած, հիասթափեցնող էր թե իր բովանդակային, թե քաղաքական շեշտադրումներով: Տարակուսելի է այն փաստը, որ երկրի արտաքին քաղաքականության համար տարբեր տրամաչափի պատասխանատուները արդեն երեք օր շարունակ փորձում են տարբեր բառային և բովանդակային աճպարարություններով արձագանքել ՌԴ նախարարի հայտնի հայտարարությանը՝ սովորաբար շատախոս, սակայն այս լրջագույն հարցում բերանը ջուր լցրած Հայաստանի վարչապետի ֆռուստրացիոն լռության ֆոնի վրա: Տիկնայք և պարոնայք, այդքան ջղաձիգ և անպտուղ ներկայացումների փոխարեն հայ հասարակությունը ձեզանից ակնկալում է 2019 թվականի ապրիլից բանակցային նոր փաստաթղթի և Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման տարբերակի մասին պնդումների հստակ և միարժեք հերքում կամ հաստատում: “Ոչ ձուկ, ոչ միս” արձագանքները, հատկապես երբ այսօր կրկին փորձ է արվել մեզ մեղսակից դարձնել ձեր ապաշնորհ և սխալական բանակցային ռազմավարության դառը պտուղները քաղելու գործընթացին, միայն խորացնում են այս հարցով հասարակական և քաղաքական շրջանակների անվստահությունը և հասունացող ներքաղաքական ճգնաժամը: • Վերահաստատեմ, որ մեր օրոք փուլային լուծման որևէ տարբերակ մեր կողմից չի քննարկվել, ինչի մասին կվկայեն ԱԳՆ-ում առկա արխիվային փաստաթղթերը: • Ընդծեմ, որ մեր օրոք և ոչ մի համանախագահ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչ չի ասել, որ քննարկումները ընթանում են փուլային տարբերակով: • Կրկնեմ, որ 2008-2018 թթ համանախագահ երկրների, այդ թվում՝ նախագահների կողմից արված հայտարարությունները բացառապես փաթեթային էին: • Տարակուսեմ, թե Լավրովի հայտարարությունից ի՞նչու եք այդքան պապանձվել: Չէ՞ որ մեր օրոք համանախագահների կողմից բարձրաձայնված հիմնարար սկզբունքները և տարրերը նույնպես բանակցային բովանդակության բացահայտում էին: • Հիշեցնեմ, որ երկար ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները հերքում էին բանակցույթունների մասին լուրերը, մինչև ԱԳ նախարարը, հակասելով Նիկոլ Փաշինյանի հրապարակային ձևակերպումներին, մի օր ընդունեց ընթացող բանակցությունների փաստը: • Զարմանամ, որ փորձում եք “կոնֆիդենցիալության” անվան տակ հայ ժողովրդից կրկին թաքցնել, թե այսօր ինչ հիմնարար սկզբունքների և տարրերի շուրջ են ընթանում բանակցությունները: Իհարկե, բանակցային դետալները կարող են դեռ մնալ փակ դռների հետևում (մենք էլ էինք այդպես վարվում), սակայն մեր օրոք ժողովրդից երբեք թաքուն չի պահվել բանակցային հիմնարար սկզբունքների և տարրերի մասին տեղեկատվությունը: • Մտահոգվեմ, որ արդեն որերոդ անգամ է, ինչ ձեր օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում ընդգծված խոսվում է հումանիտար ծրագրերի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու քայլերի և անհրաժեշտության մասին: Եթե ձեր բանակցածը ընդամենը դա է, ապա սրա ի՞նչը պետք է կոնֆիդենցիալ մնա: Թե՞ սրա անվան տակ ժողովրդին չեք բացահայտում ենթադրվող խաղաղության պայմանները, բաղադրիչներն ու բանաձևը: • Եվ վերջապես, հուշեմ. Եթե Լավրովի հայտարարությունը իրոք չի համապատասխանում իրականությանը, ապա պարտավոր եք այն ուղղակի հերքել՝ պարզ, հստակ և միանշանակ լեզվով: Թե չէ մնացածը սատանայից է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր