211652_close_icon
views-count968 դիտում article-date 12:59 23-04-2020

Ուսանողական վարկ ստանալու համար ծնողների եկամուտների վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվի. Ջավադյան

Այս պահին 11 150 ուսանողական վարկ ունենք և հիմա պայմանները բավականին հեշտացվում են բոլորի համար: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Սա նշանակում է, որ 80 տոկոսից բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները վարկ կստանան զրո տոկոսով, նաև գործող վարկերը դառնում են զրո տոկոս: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսը իջնում է և դառնում 4 տոկոս: Բացի այդ, նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլևս պետք չեն: Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել: Մենք փաստորեն հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ շատ ուսանողներ կդիմեն վարկավորման համար»,- ասաց Ջավադյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հստակեցրեց, որ ուսման տարիներին ուսանողները մայր գումար չեն վճարում. «Այսինքն 80-ից բարձր ՄՈԳ ունեցողներն ընդհանրապես որևէ վճարում չեն անի: Վճարում կսկսեն անել միայն ավարտելուց հետո: Փաստորեն 100 տոկոսով կատարվում է մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից»: Արթուր Ջավադյանը հավելեց, որ վարկավորումն իրականացվելու է 4 նվագով, ամեն տարի ստանալու է մեկ նվագ. «Նաև ուսանողները հնարավորություն ունեն ուսանելուց հետո ևս մեկ տարի վճարում չանել: Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները կարող են ուսման տարիներին վճարել միայն 4 տոկոս: Գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար ու մերժվի, որովհետև ոչ մի փաստաթուղթ ուսանողից չի պահանջվելու իր եկամուտների մասին»: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հստակեցրեց, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները:

Նմանատիպ նյութեր