211652_close_icon
views-count2772 դիտում article-date 10:43 23-04-2020

Մարդու «ամբողջականությունը» կյանքի ճիշտ ընթացքի անհրաժեշտ հատկանիշն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Մոտ երկուսուկես տարի առաջ «ՀԺ»-ի գործընկերներս, ի թիվս այլ լրագրողների, ինձ նույնպես խնդրեցին հարց գրել՝ ուղղված այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին, եթե վերջինս բաց, բոլոր լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիս կազմակերպեր: Իմ հարցը, որ կհնչեր այդ ասուլիսին, եթե այն լիներ, հետևյալն էր՝ ե՞րբ են վերականգնվելու Արմեն Բայբուրթյանի և Ռուբեն Շուգարյանի՝ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանները: Մի երկու օր անց ինձ զանգահարեց պետական պաշտոնյաներից մեկը և կշտամբեց՝ «Էս ի՞նչ երկրորդական հարց ես տվել, դա 10 հոգուց ավելի մարդկանց չի հետաքրքրում»: Չգիտեմ, քանի մարդու էր դա հետաքրքրում, գուցեև՝ ոչ շատերին: Բայց հարցն ինձ համար երկրորդական չէր՝ պետք է գնահատել պետության համար ծառայելու պատրաստ պրոֆեսիոնալներին: Ակնհայտ է, որ Ռուբենին և մի շարք այլ դիվանագետների ԱԳՆ-ից հեռացնելու պատմության մեջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար պրոֆեսիոնալիզմի և պետությանը նվիրվածության հետ կապված որևէ հարց չկար: Նա մարդկանց չափում էր քաղաքական լոյալության՝ միայն իր համար հայտնի չափանիշով: Եվ երբ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ այդ դիվանագետները (իմ կարծիքով՝ որևէ կերպ չխախտելով պաշտոնական էթիկան) հորդորեցին իշխանություններին մնալ ժողովրդավարական գործընթացի շրջանակներում, Քոչարյանն, իր մտածելակերպին համապատասխան, անմիջապես հաշվեհարդար տեսավ նրանց հետ: Եվ այստեղ ուզում եմ կարևորել Ռուբենի սկզբունքային վարքագիծը: Իր հետ նման անարդար ձևով վարվելուց հետո էլ նա նեղացածի կեցվածք չէր ընդունել և ընդհանրապես այդ տգեղ դրվագին հրապարակավ չէր անդրադարձել: Ապրելով ու դասավանդելով Միացյալ Նահանգներում՝ նա ամեն ինչ անում էր մեր պետությանը, դիվանագիտությանը օգնելու, «Թավթս» համալսարան ուսման եկած պետական պաշտոնյաներին գիտելիքներ հաղորդելու համար: Եվ դա, իմ ընկալմամբ, ճշմարիտ մտավորականի, տվյալ դեպքում կասեի՝ տոհմական մտավորականի կեցվածք էր: Մեր այսօրվա պետական, քաղաքական, հասարակական կյանքի ճիշտ ընթացքի համար ամենաանհրաժեշտ հատկանիշներից մեկն է, իմ կարծիքով, մարդու «ամբողջականությունը»: Դրա տակ ես հասկանում եմ հետևյալը. մարդը պետք է կարողանա հանգիստ, առանց հիստերիաների, առանց գոռալու և կուրծք ծեծելու, բայց միշտ, կյանքի բոլոր հանգամանքներում հստակ և միանշանակ պաշտպանի այն, ինչին հավատում է և մերժի այն, ինչը չի ընդունում: Ահա թե ինչի համար մենք կարիք ունենք Ռուբեն Շուգարյանի նման մարդկանց: Եվ էլի պրոֆեսիոնալիզմի մասին: Ի պատիվ նոր իշխանությունների՝ Ռուբենի դիվանագիտական աստիճանը վերականգնվեց: Բայց արդյոք ճի՞շտ էին օգտագործվում նրա հնարավորությունները: Եվ քանի՞ տարի է պետք նրա նման դիվանագետ պատրաստելու համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր