211652_close_icon
views-count549 դիտում article-date 09:25 23-04-2020

60-օրյա դադար` «գրին քարթի» դիմումներ ներկայացնողների համար․ «Ամերիկայի ձայն»

Թրամփի վարչակազմը հանդես է եկել դեպի ԱՄՆ ներգաղթն առնվազն 60 օրով դադարեցնելու մասին հրահանգով: Խոսքը հատկապես այստեղ բնակություն հաստատելու նպատակ ունեցող անձանց ու ընտանիքների մասին է: Նախագահը հայտարարել է, թե այսպես կոչված «գրին քարթերի» հատկացումը ժամանակավորապես կասեցնելու նպատակը կորոնավիրուսի տարածման այս ժամանակահատվածում ամերիկացիներիներին պաշտպանելն է: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5386595.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Սպիտակ տունը դեռևս չի հրապարակել նշված ծրագրի մանրամասները: Սակայն Թրամփն ասել է, թե հրահանգը չի տարածվելու մի շարք, օրինակ սեզոնային աշխատանքներ կատարող անձանց վրա: Ոչինչ չի ասվում այն մասին, թե արդյոք դադարեցնելու մասին հրահանգը վերաբերում է «գրին քարթի» համար դիմող բոլոր անձանց, թե միայն նոր դիմորդներին: Խոսք չի գնում նաև այն մասին, թե արդյոք այդ հրահանգը տարածվում է ընտանիքների վերամիավորման համար դիմող անձանց, թե ոչ: Արդյո՞ք ներգաղթը կասեցնելու մասին հրահանգը տարածվում է նաև առողջապահական համակարգում աշխատելու նպատակով H-1B տիպի վիզայի համար դիմող անձանց, թե ոչ, որոնք արդեն պատրաստվում էին դիմել «գրին քարթ» ստանալու համար: Այս հարցի պատասխանը ևս չի տրվում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի առողջապահական համակարգում բժիշկների 28 և բուժքույրեր-բուժակների 15 տոկոսը ներգաղթյալներ են: Նախագահն այս պահին ունի առողջապահական դրդապատճառներով ներգաղթի օրենքներում փոփոխություններ իրականացնելու արդարացում: Բացի այդ, երկրի Գերագույն դատարանը վերջերս էր հայտարարել, որ ճամփորդությունների վրա Թրամփի հաստատած արգելքը չի ոտնահարում սահմանադրությունը: Սա ևս Թրամփին տալիս է գործելու ազատություն: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա նրանց մեծամասնությունը հավանություն չի տալիս այս ծրագրին: Նրանք կարծում են, որ Թրամփի այս քայլն ունի քաղաքական դրդապատճառներ: Նախընտրական այս ժամանակաշրջանում Թրամփը հաճախ է հպարտանում, հայտարարելով, որ Չինաստանից հունվար ամսին ճամփորդությունները դեպի ԱՄՆ կրճատելու մասին իր արձակած հրահանգը որոշիչ դեր է ունեցել մեծաթիվ մարդկանց կյանքեր փրկելու գործում:

Նմանատիպ նյութեր