211652_close_icon
views-count630 դիտում article-date 13:55 22-04-2020

«Հայաստանում դատական հետապնդումների անհանգստացնող աճը հանգեցնում է լրագրության քրեականացման». «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ներկայացրել է տարեկան զեկույցը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով 180 երկրի շարքում գտնվում է 61-րդ հորիզոնականում: Հայաստանում լրատվամիջոցների վիճակը զեկույցում նկարագրված է «Բազմազանություն, բայց դեռ ոչ անկախություն» խորագրով: Նշվում է, որ 2018 թվականին «թավշյա հեղափոխությունից» հետո երկրում լրատվամիջոցների բազմազանությունն աճել է, սակայն, իշխանությունները չեն կարողացել լուծել դրանց բևեռացման խնդիրը: Հիմնական հեռուստաընկերությունների խմբագրային քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ: Լրագրողների անկախությունն ու թափանցիկ լրագրությունը դեռևս շատ հեռու են իրականություն դառնալուց: «Այնուամենայնիվ, երկրում հետաքննական լրագրությունը ծաղկում է և այն կարող է կարևոր դեր խաղալ կոռուպցիայի դեմ ազգային պայքարում»,-նկատում են զեկույցի հեղինակները: Զեկույցում նշվում է, որ լրագրողների նկատմամբ թշնամանքը Հայաստանում ավելի վաղ դրսևորվում էր ֆիզիկական բռնությամբ, իսկ այժմ դա փոխարինվել է դատական հետապնդումներով: Ըստ զեկույցի՝ Հայաստանում դատական հետապնդումների անհանգստացնող աճը հանգեցնում է լրագրության քրեականացման՝ լրատվամիջոցներին ստիպելով ռեսուրսներ ծախսել իրավական պաշտպանության, ոչ թե իրադարձությունները լուսաբանելու վրա: «Մտահոգություն կա նաև լրագրողների դեմ դատական գործերի քանակի և կեղծ լուրերի դեմ պայքարում չափազանցությունների առնչությամբ: Անհանգստացնող են նաև ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ուժերի ներգրավումը, դրա՝ առանց հարցը նախապես քաղհասարակության և լրագրողների հետ քննարկելու օրինականացման փորձերը, ինչպես նաև սոցմեդիայի օգտատերերի՝ դրան հաջորդած ձերբակալությունները»,-եզրափակում են զեկույցի հեղինակները:

Նմանատիպ նյութեր