211652_close_icon
views-count499 դիտում article-date 13:40 22-04-2020

Ռուբեն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել նրա ընտանիքի անդամներին և ընկերներին։ Փաշինյանը ցավակցական գրառումը տեղադրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Մեծ ցավով և խորը ափսոսանքով տեղեկացա Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին։ Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրա ընտանիքին և ընկերներին։ Պարոն Շուգարյանն իր մեջ մարմնավորել է մտավորականի լավագույն գծերը` լայն աշխարհայացքով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և հայրենասիրությամբ»,- գրել է Փաշինյանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58 տարեկանում ապրիլի 21-ին կյանքից հեռացել է Արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը։ Շուգարյանը ծնվել է 1962 թվականի հոկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում։ 1980-1985թթ․ նա սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, ռուսաց լեզու և անգլերեն, անգլիական, ռուս և ամերիկյան գրականություն։ 1985-1989թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։ 1993-1999թթ․ Ռուբեն Շուգարյանը եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այնուհետև 1999-2005թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայր՝ Հռոմ)։ Նա ԱՄՆ է տեղափոխվել 2008 թվականին՝ դիվանագիտական ծառայությունից ազատվելուց հետո։

Նմանատիպ նյութեր