211652_close_icon
views-count824 դիտում article-date 10:47 22-04-2020

Հիացմունք-հիասթափություն հակադրությունը ճոճանակի նման է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կորոնավիրուսի պայմաններում, երբ բնակչության մի մասը, բարեբախտաբար, նստած է տանը, մարդկանց մոտ, հավանաբար, ավելի շատ ազատ ժամանակ կա, և շատերի հիմնական զբաղմունքն է՝ մեկնաբանել վարչապետի ամենօրյա ծավալուն ուղիղ եթերները: Այս առումով ես էլ ունեմ երկու նկատառում: Նախ ասեմ, իմ գրածը պետք չէ ընկալել իշխանության կամ ընդդիմության քաղաքական օրակարգերի տեսանկյունից: Սա լրագրողական վերլուծություն է, առավելագույնը՝ բարի խորհուրդ, որն ուղղված է քաղաքական գործընթացի մասնակիցներին: Եվ ահա այս դեպքում ինձ թվում է, որ երկրի առաջին դեմքը չպիտի խոսի ամեն օր, չպիտի արձագանքի ֆեյսբուքյան ամեն մի գրառմանը կամ կայքային հրապարակմանը: Այո, որպես լրագրող մենք սովոր ենք ամեն օր հոդված գրել կամ եթեր դուրս գալ, դա դարձել է մեր կյանքի ռիթմի անբաժանելի մասը: Պարզ է, որ ամենօրյա մեկնաբանությունը կարող է լինել հապճեպ, պահի տակ արված, հուզական և, հետևաբար, սխալ և ոչ համարժեք: Դա անխուսափելի է՝ չկա աշխարհում մի մարդ, որն ամեն օր հրապարակավ խոսի և նրա ասածները միշտ, բոլոր ժամանակների համար ճիշտ լինեն: Բայց երկրի բարձրագույն պաշտոնյայի հանգամանքն այլ է. նրա ասածները չեն կարող նույն պահին հետևանքներ չունենալ, քանի որ նա ունի հազարավոր ստորադասներ, թիմակիցներ, քծնողներ, երկրպագուներ, որոնք անշահախնդրորեն կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, պետք է պաշտպանեն և զարգացնեն նրա մտքերը: Նա ունի նաև բազմաթիվ «չուզողներ», որոնք իրենց պարտավորված են զգում վարչապետի ամեն մի ասածը վիճարկել: Հիասթափության մասին: Անձամբ ես, իմ խառնվածքի, մասնագիտության, տարիքի և փորձի բերումով, ունակ չեմ հիանալ կամ հիասթափվել քաղաքական որևէ երևույթից: Բայց եկեք ընդունենք, որ ընդհանուր առմամբ հասարակության համար «հիացմունք-հիասթափություն» հակադրությունը ճոճանակի նման է՝ երբ հիացմունքը չափից դուրս մեծ է, որոշ ժամանակ անց իր հայտ է գալիս նույն չափի հիասթափությունը, և հակառակը՝ որքան խորն է հիասթափությունը, այնքան ակտիվ է հիացմունքի առարկայի փնտրտուքը: Հեղափոխությունները հիացմունքի գագաթնակետն են, բայց մարդիկ պարզապես հոգնում են հեղափոխական հռետորաբանությունից, ամեն թփի տակ հակահեղափոխականներ, թշնամիներ և դավադիրներ փնտրելուց, և վաղ թե ուշ հեղափոխականներին գալիս են փոխարինելու «գաղջերը», որոնցից նույնպես մարդիկ ի վերջո հոգնում են: Եվ այսպես շարունակ: Ռոբեսպիերի կամ ռուս բոլշևիկների բոցավառ ճառերը չէին կարող մշտապես նույն ազդեցությունն ունենալ: Եվ այնպես չէ, որ հիասթափվում են «նախորդ ռեժիմների» ժամանակ բարգավաճող գող-ավազակները՝ նրանք պարզապես երազում են իրենց բարգավաճելու աղբյուրները վերականգնելու մասին: Հիասթափվում են հենց «պողոսները»: Դա համընդհանուր օրինաչափություն է, որը պայմանավորված չէ հեղափոխականների որակով՝ դարեր շարունակ նույնն է կրկնվում: Դարձյալ թույլ տվեք մեջբերել մ.թ. 1-2 դարի Հռոմի կայսեր Մարկոս Ավրելիոսին. «Նա, ով տեսել է ներկան, արդեն տեսել է այն ամենը, ինչ գոյություն ուներ հավերժության մեջ, և այն ամենը, ինչ կլինի անսահմանափակ ժամանակի մեջ: Քանզի ամեն ինչ միատարր է և միանման»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր