211652_close_icon
views-count7456 դիտում article-date 22:44 18-04-2020

Սուրեն Պապիկյանն այցելել է Վեդիի ջրամբարի շինհրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ հետևելու Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ջրային ոլորտի պատասխանատու աշխատակիցներ։ Ջրամբարի շինաշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ից՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված սանիտարահիգիենիկ պայմանները։ Շինարարներն ապահովված են բժշկական դիմակներով‚ ախտահանիչ նյութերով։ Շինհրապարակ մուտքից առաջ նախարար Սուրեն Պապիկյանը և ուղեկցող պաշտոնյաներն անցել են ջերմաչափում։ Նախարարը Պապիկյանը կարևորել է արտակարգ դրության ընթացքում առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների շարունակական ապահովումը և միաժամանակ հորդորել պատասխանատուներին հետևել նախանշված ժամանակացույցի և շինարարության տեմպի հնարավորինս պահպանմանը, անհրաժեշտության դեպքում սահմանել աշխատանքային հերթափոխ։ Խոսելով ջրամբարի կենսական նշականությունից` նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է . «Վեդիի ջրամբարի շինարարությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության համար, այն ,ըստ էության, հետխորհրդային Հայաստանում կառուցվող առաջին ջրամբարն է»։ Նախարարի խոսքով` նախորդ տարի իր այցելության ժամանակ եղած խնդիրները՝ կապված կավի արդյունահանման, հողօգտագործման թույլտվության, գազալցակայանի կառուցման հետ, ամբողջությամբ լուծվել են։ «Մեր միջազգային գործընկերների՝ Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսական աջակցությամբ պայմանավորված` որոշակի խոչընդոտները ևս հաղթահարվել են: Եվ մենք այս տարի պետք է փորձենք աշխատանքները մոտեցնել ավարտական փուլին», -նշել է նախարար Պապիկյանը։ Ջրամբարի շինհրապարակում «Սահակյանշին» ընկերության տնօրեն Սուրեն Սահակյանը նախարարին ներկայացրել է պատվարի կառուցման և կավադրման աշխատանքները, շրջայցի ընթացքում ծանոթացրել վարարային ջրհեռի, ոռոգման ջրանցքի և օժանդակ այլ կառույցների գործառութային նշանակությանը։ Համալիրի գեոտեխնիկական լաբորատորիայում Սուրեն Պապիկյանը հետևել է գրունտի կավճային հիմքի փորձաքննությանը, զրուցել աշխատակիցների հետ։ Աշխատանքային այցի ընթացքում նախարար Պապիկյանը եղել է նաև Արարատի մարզում կառուցվող գյուղմթերքի մանրամեծածախ շուկայում, որը ներդրողի հավաստիացմամբ կգործարկվի այս տարի։ Տեղեկացնենք, որ Վեդու ջրամբարը կառուցվում է Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, այն լցնելու ջրաղբյուր է հանդիսանալու Վեդի և Խոսրով գետերի՝ գարնանային ամիսների վարարային/ազատ հոսքը: Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցմամբ ջրամբարի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, կնվազի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը, կբարձրացվի մշակաբույսերի բերքատվությունը, էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսումը կկազմի մոտ 19.0մլն կվտ/ժամ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, այդ թվում՝ 75մլն եվրո վարկային միջոցներ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականի մարտին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր