211652_close_icon
views-count5400 դիտում article-date 18:51 17-04-2020

Կարապետ Թումասյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով աշխատանքից ազատման մասին։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ 10.04.2020թ. դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը: Ետադարձ հայացք նետելով ոստիկանությանը նվիրած կյանքիս անցած 16 տարիներին՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայից մինչև Անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ 10 տարի շարունակ թրծվեցի որպես հանրային ծառայող, անվերապահորեն ընդունել եմ, ընդունում եմ և ընդունելու եմ մի պարզ ճշմարտություն, որ այդ տարիները հաջողված են եղել իմ՝ որպես մարդ և որպես մասնագետ կայացման հարցում, ինչի համար շնորհակալ եմ Ոստիկանությանը և եթե կրկին բախտ վիճակվեր ԲՈՒՀ և մասնագիտություն ընտրելու հարցում, ապա կրկին կընտրեի հարազատ Կրթահամալիրն ու սիրելի մասնագիտությունս: Ընդգծված սրտացավություն՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել և հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության և Աստծո դատին: Վստահեցնում եմ, որ ցանկացած հարցում ուժերիս ներածին չափով կրկին Ձեր կողքին եմ լինելու և շարունակելու եմ ծառայել երկրիս ու ժողովրդիս: Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության և անկեղծ վերաբերմունքի համար: Աստված բոլորիս պահապան»։

Նմանատիպ նյութեր