211652_close_icon
views-count548 դիտում article-date 16:00 15-04-2020

Կառավարությունը 536 գյուղատնտեսի կտրամադրի վարկեր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման համար դիմել է շուրջ 540 գյուղատնտես, և նրանցից 536-ի դիմումները բավարարվել են։ [url=https://armenpress.am/arm/news/1012249.html] «Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։ «2-րդ միջոցառման նպատակն է պահպանել և հզորացնել գյուղատնտեսական կարողությունները։ Միջոցառումների 2-րդ ծրագրով գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն՝ պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները»,- նշեց Ավանեսյանը։ 2-րդ ծրագրով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական համաֆինանսավորում՝ 10-70 տոկոսի չափով՝ կախված վարկի նպատակից։ Խոզաբուծության և թռչնաբուծության ոլորտներին տրամադրվող վարկերի համար 0% տոկոսադրույքով վարկերից զատ ևս հնարավորություն է տրվում 30% համաֆինանսավորման գործիքով նվազեցնել բանկի համար ռիսկը՝ խթանելով տվյալ գյուղատնտեսական ուղղությունների զարգացումը։ Գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց միկրովարկավորման համար ևս սահմանվել է 0% տոկոսադրույք։ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 12 միջոցառում։

Նմանատիպ նյութեր