211652_close_icon
views-count686 դիտում article-date 12:25 14-04-2020

Արցախում ընտրությունների մասնակիցներին տրամադրվում են մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ և գրիչ

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցներին տրամադրվում են մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ և գրիչ` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակում։ «[url=https://armenpress.am/arm/news/1012090.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ստեփանակերտի 1/17 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Մելքումյանը։ «Յուրաքանչյուր քվեարկողի տրամադրում ենք մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ և գրիչ։ Ընտրատեղամասը նախապես ախտահանվել է, և որևէ վտանգ չկա»,- ասել է Մելքումյանը։ Տեղամասի հանձնաժողովի նախագահը նշել է, որ ընտրատեղամասում վաղ առավոտից նկատելի է ընտրողների ակտիվություն։ Այստեղ գրանցված է մոտ 1179 ընտրող, որոնցից ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 130 քաղաքացի։ Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ նտրական գործընթացը հանգիստ է, առանց խախտումների, և որևէ բողոք չի արձանագրվել։ Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% կողմ ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% կողմ ձայնով։ Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է՝ 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ը՝ ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում: Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում կոչ է արել արցախցիներին չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։ Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում․ դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նմանատիպ նյութեր