211652_close_icon
views-count103352 դիտում article-date 22:16 13-04-2020

Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ՊՆ մամուլի խոսնակ

Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. [url=https://168.am/2020/04/13/1288647.html?fbclid=IwAR2fXy0svAM6wTfMgF3b7IToRA50wOJ7hH1Paspt1IuM_cU551IfKGz3Yqs]168.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Դրական տեղաշարժ կա, վերականգնվել է կլման ակտը (բերանով, ըմպանով և կերակրափողով սննդի անցման դժվարացումն է, դանդաղումը կամ անհնարինությունը,- Ա.Հ.), բայց սպան դեռ կոմայի մեջ է»,- ասաց Ստեփանյանը: 2019-ի սեպտեմբերի 18-ին սպան անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել և վիրահատվել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով (ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մասի 6-րդ կետ): Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը կալանավորվել էին: Նրանցից մեկը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն է, մյուսը՝ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Վերջինի խափանման միջոց կալանքը Վերաքննիչի որոշմամբ մարտի 6-ին փոխարինվել է գրավով, Դատախազությունը որոշումը չի բողոքարկել՝ համարելով, որ այն հիմնավոր է: Երկու եղբայրներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Գրիգորյան եղբայրների փաստաբան Լևոն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հարություն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է: «Մարտի 13-ին կալանքի երկարաձգման նիստ է տեղի ունեցել: Հարություն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով: Եթե քննիչը կալանքը երկարաձգելու նոր միջնորդություն ներկայացնի, ապա երկու ամիս անց նոր նիստ կհրավիրվի: Չեմ կարող ասել՝ նախաքննությունը երբ կավարտվի, սակայն, կարծում եմ, որ հսկայական, մեծածավալ գործողություններ այլևս չկան անելու»,- ասաց Լևոն Սահակյանը: Հիշեցնենք՝ դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/20/1135675/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, սեպտեմբերի 20-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմինե Գևորգյանի որոշմամբ ձերբակալվել էր Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 29-ամյա Հարություն Գրիգորյանը։ Վերջինիս նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ով Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն է և կասկածվում էր սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում ՀՀ ՊՆ ծառայող, փոխգնդապետ, 43-ամյա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ, ով «գանգուղեային տրավմա և կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ տեղափոխվել էր Եղեգնաձոր բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործն օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, կարելի էր ասել, իրենց հսկողության տակ են վերցրել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քանի որ վիճաբանությանը մասնակցություն ունենալու մեջ շոշափվում է նաև Վայոց Ձորի մարզպետ Տ. Սարգսյանի անունը, մինչդեռ Վայոց Ձորի մեր աղբյուրները պնդում են, որ մարզպետի մասնակցությունը փորձում են շահարկել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր