211652_close_icon
views-count731 դիտում article-date 22:14 13-04-2020

Արցախում ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ՝ բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ըստ երկրի Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ 2020թ. ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: Հանձնաժողովի անդամների շրջանում ձեռնարկվել են սանլուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ: Մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջկենտրոններում ախտահանման միջոցառումները իրականացվել են «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցներով, գյուղական բնակավայրերում՝ շրջանային բուժմիավորումների գործադիր տնօրենների ու շրջանային բաժինների պետերի վերահսկողությամբ: Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 71 500 հատ դիմակ, 14 000 հատ ձեռնոց և 600 հատ ախտահանիչ նյութ, ԱՀ ոստիկանությանը՝ 500 հատ դիմակ, 1000 հատ ձեռնոց և 60 հատ ախտահանիչ նյութ: Շարունակվում են հերթապահություն իրականացնել բոլոր բժշկասանիտարական հսկիչ կետերում: Վերջիններս ապահովված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով և բժշկական նշանակության պարագաներով:

Նմանատիպ նյութեր