211652_close_icon
views-count652 դիտում article-date 18:34 13-04-2020

Ավինյանը չբացառեց արտերկրից ժամանածներին ռապիդ թեստերով ստուգելու հնարավորությունը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը չի բացառում, որ արտերկրից ժամանած անձանց մեկուսացնելու փոխարեն նրանց կստուգեն ռապիդ թեստով և կուղարկեն ինքնամեկուսացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանը կառավարության այս մտադրության մասին ասաց Ազգային ժողովի հատուկ նիստում: «Ըստ հնարավորությունների իրականացնում ենք թռիչքներ: Բոլոր անձանց (խմբ-ժամանածներին) մեկուսացնում ենք: Շատ դեպքեր ունենում ենք հենց արտասահմանից եկածների շրջանում: Եվ մեկուսացման ինստիտուտը դեռևս արդյունավետ է, չնայած մենք այլ գործիքներ ևս փորձում ենք զարգացնել, որպեսզի մի փոքր ավելի էֆեկտիվ անցնենք ինքնամեկուցաման ռեժիմին և տնային պայմաններում պահենք այդ անձանց: Եվ միգուցե ռապիդ թեստերով փորձենք որոշակի ռիսկերի նվազեցում անել: Այս փուլում առողջապահության նախարարությունը փորձարկումներ է իրականացնում, և ռապիդ թեստերը փորձարկվում են փաստացի վարակակիրների վրա, որպեսզի այդ ճշգրտությունն ինքներս հասկանանք, հասկանանք, թե որքանով ենք կարողանում այդ ռիսկը նվազեցնել: Եվ տրամաբանությունը լինելու է այն, որ մի մասին երևի թե ռապիդ թեստեր անելով տեղափոխելու ենք ինքնամեկուսացման ռեժիմի՝ կիրառելով բոլոր այն վերահսկողական գործիքները, որոնք թույլ են տալիս էֆեկտիվորեն վերահսկել ինքնամեկուսացման ռեժիմը»,-ասաց Ավինյանը: Ներկայում արտերկրից ժամանածներին պետությունը մեկուսացնում է հյուրանոցներում: Սակայն Ավինյանը չբացառեց, որ պետությունը կանցնի վերը նշված տարբերակին:

Նմանատիպ նյութեր