211652_close_icon
views-count32565 դիտում article-date 12:47 12-04-2020

Եթե վարակակիրների թիվն ավելացավ, որը կարող է լինել ցանկացած պահի, առողջապահության ոլորտում ցնցում է լինելու, և դա շատ լուրջ խնդիր կառաջացնի. Վահե Տեր-Մինասյան. Tert.am

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանի խոսքով` կորոնավիրուսի տարածումը Հայաստանում միանգամից կանգնեցնել հնարավոր չէ, տարածումն ինք իրենով շարունակվելու է: Նա [url=https://www.tert.am/am/news/2020/04/12/Ter-Minasyan/3261687?fbclid=IwAR3AYYwz0U2-J5Sg5OaFhgOrXZW7-4VGeCZlmaepaym9s3-iuCnzcVNzWJU]Tert.am[/url]-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառալով Հայաստանում համավարակի տարածմանն ուղղված ՀՀ իշխանությունների ընտրած մարտավարությանը: «Խնդիրն այն է, որ ընտրված ողջ սկզբունքը կայանում է նրանում, որ բոլորը միանգամից չհիվանդանան: Կարծում եմ` մեզնից շատ-շատերը հիվանդանալու են, բայց եթե մենք՝ բոլորս հիվանդանանք, դիցուք, մեկ ամսվա ընթացքում, ապա դա կբերի առողջապաական համակարգի կոլապսի. չեն բավարարի այդքան մահճակալ, այդքան բժիշկ, բուժքույր: Ցավոք սրտի, կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ չկարողանանք օգնության կարիք ունեցող պացիենտներին օգնություն ցույց տալ»,-ասաց նա: Նա նկատեց, որ` եթե մենք նույն հիվանդների քանակը բաժանում ենք շատ ավելի երկար ժամկետի մեջ, ապա տեսնում ենք, որ նորից կան հիվանդներ, բայց նրանց բոլորին կարողանում եք անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ: «Անհրաժեշտ բուժօգնությունը ցուց տալուց հետո դու նորից կարող ես մահվան դեպքեր ունենալ, բայց այնուամենայնիվ, գիտես, որ բոլոր հնարավորություններդ օգտագործեցիր, և ում հնարավոր էր փրկել, փրկել ես»,- ասաց նա: Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք ճիշտ ժամանակին կանխարգելիչ մեխանզմներ մշակեցինք, սկզբնական փուլում նախարարն ասում էր, որ պետք չէ վախենալ, հիմա է, որ հնչում են խիստ հորդորներ, Վահե Տեր-Մինասյանը նշեց. «Եկեք համեմատենք. ամբողջ պատմությունը մեզ մոտ սկսվել է մարտից: Մինչ հիմա ունենք 13 մահվան դեպք: Միայն սիրտանոթային հիվանդություններից 2018թ. մահացել է 14 200-ից ավելի պացիենտ, այսինքն՝ ամսական` 1000 մարդուց ավելի: Եվ հիմա ասելը, որ Հայաստանն ուշացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցում, լուրջ չէ»: Անդրադառնալով երկրում հաստատված արտակարգ դրության արդյունավետությանը և պատասխանելով դիտարկմանը, որ այս իրավիճակում, մարդիկ շարունակում են չհետևել սահմանափակումներին և խիստ վերահսկողություն չկա՝ բժիշկը նշեց. «Իհարկե, պետք է կարողանալ բալանս պահել, որ երկիրը չբերվի խայտառակ վիճակի, որ խանութներում դատարկություն լինի, սով լինի, և միաժամանակ, այնպես չլինի, որ սահմանափակումները քչացնենք, հիվանդների քանակը շատացնենք: Բարդ է ոսկե միջինը գտնելը»,- ասաց նա: Նա նաև նշեց, որ այստեղ պետության մեղավորությունն ավելի քիչ է: «Պետությունն ի՞նչ անի, երբ մարդիկ իրար գրկում, համբուրում են փողոցում»,- ասաց նա: Պատասխանելով մեկ այլ դիտարկմանը, թե շատ երկրներում արտակարգ դրության հաստատվելուց հետո պետությունը խիստ վերահսկողություն է իրականացնում, եթե մեզանում այդպես չէ, ապա ինչ խնդիր է լուծում արտակարգ դրությունը, նա նշեց. «Ես էլ եմ այն կարծիքին, որ արտակարգ դրությունը պետք է լինի բոլորի համար: Պետք չէ հույսը դնել նրա վրա, որ իմ բախտը կբերի, ես չեմ վարակվի: Երբ որ ամեն մեկը հասկանա, որ իրենով է հարցը որոշվում, իրավիճակը կփոխվի: Պետությունն ի՞նչ անի, բանտ նետի՞ բոլորին, տուգանի՞ բոլորին: Հնարավոր ամեն գնով բացատրվում է, որ չանեն»,- ասաց նա: Վահե Տեր-Մինասյանի խոսքով` ցանկացած համավարակ հասնում է պիկի, որից հետո թուլանում է: Մեր դեպքում, նրա կարծիքով, չնայած վիճակագրական թվերն իջնում են, այդ պիկին չենք հասել: «Դա իմ անձնական կարծիքն է: Մենք դեռ աճի տեղ ունենք, որից հետո սցներաները տարբեր կարող են լինել: Մեկն այն է, որ այս ամեն ինչից հետո այս ամենը կարող է ձգվել ամիսներով, մինչև վակցինան ի հայտ գա, և սկսվի մասսայական վակցինացիան: Մեկ այլ տարբերակ է, երբ շատ մարդիկ հիվանդանան, իմունիտետ ձեռք բերեն, մարդկանց թիվը շատանա, իրենք արդեն վարակի աղբյուր չլինեն, իրենք չվարակեն: Մյուս խնդիրն այն է, որ մենք ունենք վիճակագրություն հաստատված դեպքերի մասին, բայց կա նաև առանց ախտանշանների պացիենտների քանակ, որոնց դեպքում տարբեր հետազոտություններ տարբեր վիճակագրություն են ցույց տալիս, մոտավորապես թիվը տատանվում է 5-7 ավելիի շրջանակներում: Այսինքն` մենք հիմա կարող ենք ունենալ 5000-7000 վարակակիր»,- ասաց նա: Ըստ նրա` ամեն դեպքում, ցանկացած պահի առողջապահական ոլորտում կարող է ցնցում լինել: «Եթե վարակակիրների թիվն ավելացավ, և դա կարող է լինել ցանկացած պահի, առողջապահության ոլորտում ցնցում է լինելու, և դա շատ լուրջ խնդիր է լինելու»,- ասաց նա` նշելով, որ այդ սցենարները հաստատապես պետությունը դիտարկում է:

Նմանատիպ նյութեր