211652_close_icon
views-count6641 դիտում article-date 10:45 10-04-2020

Երբ կորոնավիրուսն ավարտվի․․․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քանի որ համավարակը և նրա հետ կապված խնդիրներն արդեն շաբաթներ են տևում, բոլորս, բնականաբար, ծրագրեր ենք գծում, թե ինչ ենք անելու, երբ այս պատմությունն ավարտվի: Ես, օրինակ, սիրում եմ աշխատել գրադարանում (գրքերի յուրահատուկ հոտը վայելելով), ինչպես նաև սրճարաններում, և կանխավայելում եմ այն պահը, երբ մի քանի շաբաթ հետո այդ հնարավորությունը կունենամ: Ոմանք անհամբեր սպասում են այն պահին, թե երբ վերջապես կկարողանան հանդիպել ընկերներին կամ հարազատներին: Դատելով տարբեր ֆեյսբուքյան մեկնաբանություններից, կարծում եմ, որ շատ կանայք առաջին հերթին կշտապեն գեղեցկության սրահներ: Երեխաներն էլ երևի արդեն սիրով դպրոց կշտապեն, քանի որ ընկերների և ուսուցիչների հետ միայն վիրտուալ միջավայրում շփվելը նրանց էլ է հոգնեցրել: Շատերին էլ, կարծում եմ, կորոնավիրուսը խանգարում է լիաթոք զբաղվել «քաղաքական գործունեությամբ» կամ «քաղաքացիական ակտիվիզմով», որը Հայաստանում, համենայնդեպս, հասկացվում է որպես ֆեյսբուքում «հակառակորդների» և հատկապես «ազգի թշնամիների» «պորտը տեղը դնելով», նրանց «շշելով» և «շամփրելով»: Այսօր ոմանց, կարծես թե, այնքան էլ պատեհ չի թվում նման գործերով զբաղվելը: Բայց ինձ թվում է, որևէ դրական կամ բացասական մտադրություն հետաձգելը սխալ է, եթե դրա համար չկան անհաղթահարելի ֆիզիկական խոչընդոտներ (ինչպիսին կարանտինն է): Չիրականացված մտադրությունը մարդուն ուժասպառ է անում, նսեմացնում է նրա հարգանքն իր հանդեպ: Դա ճիշտ է նաև հակառակ մտադրության դեպքում: Ինչ-որ լավ բան չանելու համար մարդիկ զանազան պատճառաբանություններ են գտնում: «Այ, երբ ստանամ 300, 500 հազար կամ 1 միլիոն դրամ աշխատավարձ և ունենամ 3,5 կամ 10-սենյականոց բնակարան, ահա այդ ժամանակ ես կդառնամ բարի, մեծահոգի, առատաձեռն, առավոտյան կմարզվեմ և օտար լեզու կսովորեմ»: Ծանոթ տրամաբանություն է, չէ՞: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ 1 միլիոնի կամ 10 սենյակի պատճառած հաճույքը խիստ ժամանակավոր է. մարդը կարող է 5 րոպե ուրախանալ դրանց առկայությամբ, որից հետո նրա մոտ անդիմադրելի ցանկություն կառաջանա ունենալու երկրորդ միլիոնը և 11-րդ սենյակը: Դա բնական է, այդ ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա: Պարզապես խելամիտ չէ մեր մտադրությունները կախվածության մեջ դնել մեր հարաճուն ցանկություններից: Այնպես որ «դուխով» արեք այն, ինչ մտադրվել եք, ձեր մեջ մի պահեք: Այսօր Ավագ Ուրբաթն է: Անձամբ ինձ համար սա մի օր է, երբ առավելագույնս պետք է կենտրոնանալ այն արժեքների վրա, որոնք դավանում ես՝ ոչ այնքան դրանց ձևակերպումները կրկնելով (ձևակերպումները բոլորի համար պարզ են ու գրեթե համընդհանուր), այլ դրանք, այսպես ասած, կյանքի կոչելու առումով: Այս արժեքները ժամանակային սահմանափակումներ չունեն: Զարմանալի կլիներ, եթե հավատացյալն ինքն իրեն ասեր՝ «այ, հիմա Մեծ պահքը կվերջանա, և ես կսկսեմ հայհոյել, ատել և դիմացիններիս ցավ պատճառել»: Այդպես մտածողը ավելի լավ է՝ դա անի Պահքի ընթացքում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր