Կառավարությունը 2,22 մլրդ դրամի բյուջետային վարկ կտրամադրի «Հյուսիս Հարավի» 28 տուժած կապալառու ընկերություններին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բյուջետային վարկ հատկացնել այն ընկերություններին, որոնք «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակում ծառայություններ են մատուցել իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերությանը, սակայն վերջինս դրանց համար չի վճարել, որի հետևանքով նրանք հայտնվել են ծանր ֆինանսական վիճակի մեջ:
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ խոսքը 28 ընկերությունների մասին է: Նրանց ընդհանուր պահանջի չափը կազմում է 2 մլրդ 228 մլն 549 հազար դրամ:
«Սա բյուջետային վարկ է 5 տարի ժամկետով, 0.01 տոկոսադրույքով: Իսպանական ընկերությունը չի վճարել տեղական կապալառուներին, և ՀՀ կառավարությունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական ընկերություններին, որ կարողանան վերականգնել իրենց վիճակը և այս տարի ավելի առողջացած մասնակցեն մեր շինարարական աշխատանքներին»,- ասաց Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ դեպքի հետ կապված քրգործ է հարուցված, որը ամենամասշտաբային քրեական գործերից է. «Հույս ունենք, որ պետությանը հասցված վնասները լիարժեք կվերականգնվեն»: