211652_close_icon
views-count3842 դիտում article-date 11:49 09-04-2020

Արցախի Միրիկ և մերձակա համայնքներում կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան

Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ «Միրիկ և մերձակա համայնքներից ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան. տեղում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ բողոք չի ստացել, իսկ իրականացված մշտադիտարկումները որևէ խնդիր չեն արձանագրել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ, այս պահի դրությամբ, երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման․«Նրանցից մեկը կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամ է, իսկ երկուսը առողջապահական բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ են (փոխկապակցված չեն Միրիկ համայնքի հաստատված դեպքի հետ)։ Թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո»: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսով վարակված Միրիկ գյուղի բնակչի հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20 է, սակայն ապահովության նկատառումներից ելնելով՝ գյուղի բնակիչներն ամբողջությամբ ինքնամեկուսացվել են:

Նմանատիպ նյութեր