211652_close_icon
views-count3828 դիտում article-date 10:26 09-04-2020

Ատելություն և թշնամանք որևէ մեկի նկատմամբ պետք չէ սերմանել երբե՛ք․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի Առաջին նախագահը հանդես է եկել ուղերձով՝ իրավիճակի հետ կապված: Ինքնին այդ փաստը ողջունելի է, որովհետև Տեր-Պետրոսյանն ունի բազմաթիվ կողմնակիցներ, որոնք սպասում էին նրա խոսքին: Ուղերձի հիմնական կոչերին, կարծում եմ, կմիանա ցանկացած բանական մարդ՝ կատարել առողջապահության նախարարության պահանջները, պահպանել արտակարգ դրության ռեժիմը, չխանգարել իշխանություններին, որոնք, այո, ընդհանուր առմամբ կարանտինային միջոցառումներն ու այլ սահմանափակումներն իրականացնում են «ճիշտ ուղղությամբ» (թերությունները չհաշված): Ուղերձում տեղ գտած Տեր-Պետրոսյանի երկու առաջարկները միանգամայն տեղին են: Շատ ցանկալի կլիներ սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև արագ ու առանց ավելորդ քաղաքական աժիոտաժի ձևավորել Արցախի նոր իշխանության մարմինները: Հանձնաժողովի հետ կապված՝ ընդհանրապես կասկածներ ունեմ դրա ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ, եթե չկա «նախկիններին» մեղադրելու զուտ քարոզչական նպատակ, իսկ Արցախում կայունության հրամայականը, հավանաբար, հավելյալ մեկնաբանությունների կարիքը չունի: Ուղերձում կան նաև վիճելի դրույթներ: Համաձայն չեմ, որ Երկրորդ և Երրորդ նախագահի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն այս պահիս «կատաղի պայքար» են մղում իշխանությունների դեմ: Անցած երեք տասնամյակների ընթացքում քաղաքական քարոզչության շատ ավելի սուր դրսևորումների ենք ներկա եղել: Օրինակ, Դաշնակցությունն ու ԱԺՄ-ն ավելի «կատաղի պայքար» էին մղում Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ (այդ թվում՝ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ), իսկ ՀԱԿ-ի պայքարը Սերժ Սարգսյանի իշխանության դեմ նույնպես բավականին «կատաղի» էր և զերծ չէր ատելության և թշնամանքի քարոզից, որն այժմ իր ուղերձում Առաջին նախագահը մերժում է: Չնայած 2008-2012 թվականներին շատ ակտիվ մարտական գործողություններ չէին ծավալվում, բայց, երևի բոլորը կհամաձայնեն, որ, հաշվի առնելով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, ըստ էության, մշտապես ենք գտնվում պատերազմական վիճակում: Դրան կարելի է ավելացնել նաև, որ ներկայիս վարչապետի՝ սահմանադրական հանրաքվեի հետ կապված քարոզչությունը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, երբ արդեն սկսվել էր կորոնավիրուսի տարածումը, նույնպես աչքի չէր ընկնում մեղմությամբ և զսպվածությամբ: Այնպես որ, այո, «նախկինների» շահերը ներկայացնող լրատվամիջոցները այժմ էլ են շարունակում քաղաքական պայքարը: Իշխանական լրատվամիջոցները նույնպես, հակառակ կողմից, այդ պայքարի մեջ են, բայց, որքան ես եմ հետևում, երկու դեպքում էլ այդ «փոխհրաձգությունը» չունի արտառոց դրսևորումներ: Եվ իսկապես արժե, որ երկու կողմերն է՛լ ավելի մեծ զսպվածություն դրսևորեն: Իսկ ատելություն և թշնամանք որևէ մեկի նկատմամբ պետք չէ սերմանել երբե՛ք՝ ո՛չ կորոնավիրուսի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր