211652_close_icon
views-count481 դիտում article-date 19:40 07-04-2020

Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

[b]Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ[/b] Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Այս գեղեցիկ տոնը դիմավորում ենք դժվարությունների, տագնապների, անորոշությունների ժամանակաշրջանում: Այսօր բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ իրենց ուսերին կրում են վերահաս ճգնաժամի պատճառով առաջացած տնտեսական, հոգեբանական, կենցաղային դժվարություններ՝ հայտնվելով անսպասելի մարտահրավերների հանդիման: Շատ դեպքերում ճգնաժամի պատճառով ավելի են սրվել նախկինում գոյություն ունեցած խնդիրներն ու բարդությունները՝ բազմաթիվ մայրերի, դուստրերի, կանանց ու քույրերի դնելով առանձնահատուկ խոցելի վիճակում և կառավարությունն այս օրերին ամենօրյա աշխատանքով ջանքեր է գործադրում ճգնաժամի բերած դժվարությունները հաղթահարելու համար: Բայց առավել ևս այս պայմաններում հարկ եմ համարում ընդգծել՝ մայրությունն ու գեղեցկությունը մեզ համար միայն գորովանքի ու հիացումի առարկա չեն: Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը: Մայրությունն ու գեղեցկությունը նաև առաջնորդության հատկանիշներ են և մենք այսօր փառաբանում ենք մայրության և գեղեցկության ստեղծարար ուժը, համախմբելու էներգիան, առաջ մղելու հատկությունը: Այսօր բազմաթիվ բուժաշխատող մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր պայքար են մղում կորոնավիրուսի դեմ: Բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր հեռավար կրթության պայմաններում շարունակում են ուսուցչական իրենց առաքելությունը: Բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր ամենօրյա աշխատանքով ապահովում են մեր պետական, տնտեսական ու հանրային կենսագործունեությունը: Մայրությունը և գեղեցկությունը հաղթանակի խորհրդանիշներ են: Եվ համոզված եմ՝ դժվար օրերի հետ համընկած այս տոնը խորհրդանշում է մեր ապագա հաղթանակները: Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզանով և խոնարհվում ենք ձեր առաջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր