61542 դիտում
13:01 07-04-2020
Մինչ որոշ դատապարտյալներ մտածում են, թե մարդիկ զբաղված են կորոնավիրուսի դեմ պայքարով, Քրեակատարողական ծառայությունը Վանաձորի բանտում՝ հենց «բնի մեջ», կանխել է հերթական քրեական ենթամշակույթի տարածումը
Մինչ ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ակտիվ պայքար է տարվում կորոնավիրուսի դեմ, որոշ մարդիկ հանրապետությունում մտածում են, թե իշխանությունները, սևեռվելով այդ պայքարի աշխատանքների վրա, մոռացության կմատնեն հանրապետությունում տեղի ունեցած որոշ ապօրինություններ։
Կորոնավիրուսի դեմ պայքարում խստագույն աշխատանքներ են կատարում նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հանձնարարականով քրեակատարողական ծառայությունում հաճախակիացել են հատուկ լուծույթներով ախտահանման աշխատանքները, և այդ ամենի հսկողությունը դրված է Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի վրա։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, երևի, նույնպես մտածել էին, որ մարդիկ ավելի շատ կզբաղվեն կալանավորների առողջական խնդիրներով, որպեսզի վարակը չտարածվի բանտում, և այդ առիթից օգտվելով՝ փորձել են հերթական անգամ քրեական ենթամշակույթ ձևավորել, սակայն քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ինչպես ժողովուրդն է ասում՝ հենց «բնում» կանխել են քրեական ենթամշակույթի տարածման դեպքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ դեպքի բացահայտման արդյունքում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հարուցվել է քրական գործ, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, և բանտի աշխատակցի ապօրինությունները բացահայտվել են հենց քրեակատարողական ծառայության կողմից։
Մինչ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում էր ստացված տեղեկության իսկությունը պարզել քրեակատարողական ծառայությունից, նշված ծառայոթյունը մամուլի համար հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական հիմնարկի՝ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքեր։ Մասնավորապես պարզվել է, որ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» պահանջները, 2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 20։00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի տարբեր ռեժիմային մասնաշենքերում պահվող թվով 2 կալանավորված անձի և 1 դատապարտյալի դուրս են բերել իրենց խցերից և ուղեկցել մեկ այլ խուց` դատապարտյալներ, նույն քրեակատարողական հիմնարկում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ս.Դ.-ի, ինչպես նաև Դ.Հ.-ի մոտ, որտեղ վերջիններս քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների պահպանման շուրջ ծագած վեճը (խնդիրը) լուծելու նպատակով շուրջ 15 րոպե վիճաբանել և պարզաբանումներ են կատարել նրանց հետ` բարձրաձայն հնչեցնելով հայհոյանքներ։ Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 3-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 223.1-րդ հոդվածի 1-ին մասի և 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Բացի այդ՝ քրեակատարողական ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք է բացահայտվել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այսպես` 2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակներում անձնական խուզարկության են ենթարկել ինքնազգացողության վատթարացման պատճառաբանությամբ հիմնարկից դուրս գալու փորձ կատարող անվտանգության ապահովման բաժնի մասնագետին, ում մոտ արձանագրվել է մինչ այդ նրա կողմից քրեակատարողական հիմնարկ մտցված բջջային հեռախոսի բացակայությունը։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ ծառայողը, խախտելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» պահանջները, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը փոխանցել է նույն հիմնարկի կալանավոր Ղ.Մ.-ին: Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ևս ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Նմանատիպ դեպքերը բացառելու, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման դեմ հետևողական պայքար մղելու և ծառայության շարքերը հանցավոր հակումներ ունեցող անձանցից ազատելու միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)