211652_close_icon
views-count459 դիտում article-date 12:57 06-04-2020

Արտակարգ դրությամբ պայմանավորված` ԱԱՏՄ լիազորությունները կարող են ընդլայնվել. Զարուհի Բաթոյան

Արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն «[url=https://armenpress.am/arm/news/1011264.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշել է, որ հրատապ ռեժիմով նախաձեռնվել է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի մշակում: -Տիկին Բաթոյան, երկրում ստեղծված ճգնաժամով պայմանավորված` հաճախ բարձրաձայնվում է աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցը։ Այս ամենի համատեքստում առաջ է քաշվում աշխատանքի տեսչություն ունենալու կամ գործող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հավելյալ լիազորություններ տալու անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ նախարարությունում կային քննարկումներ, ասացեք խնդրեմ` ի՞նչ փուլում են: -Այո, ճիշտ եք: Անհրաժեշտությունը կա, և մենք բազմիցս բարձրաձայնել ենք այդ մասին: Կարող եմ ասել, որ 2019 թ․ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունների արդյունքում ընդամենը 1 տարի հետո Հայաստանում կրկին կներդրվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողության համակարգ։ -Հաշվի առնելով այն, որ այս պահին ո՛չ նախարարությունը, ո՛չ տեսչական մարմինը լիազորություններ չունեն միջամտելու աշխատանքային հարաբերություններին, հնարավոր է արագացված կարգով նախագիծ դրվի շրջանառության մեջ` գործող տեսչական մարմնի լիազորություններն ավելացնելու համար։ -Այո, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրատապ ռեժիմով նախաձեռնել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակում, որում, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է նաև ամրագրել, որ արտակարգ դրության ժամանակահատվածում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունենալու է լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնել: -Մինչ առաջարկվող կարգավորումներն օրենքի ուժ կստանան, ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին բախվում են աշխատանքային իրավունքների խախտման խնդիրներին: -Մինչ այդ, աշխատողները կարող են իրենց խախտված աշխատանքային իրավունքները, որոնք վերաբերում են աշխատավայրում իրենց առողջության պահպանմանն ու անվտանգության ապահովմանը, պաշտպանել՝ դիմելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ Այդ մարմնի միջոցով կարող են իրենց իրավունքները պաշտպանել նաև մինչև 18 տարեկան անձինք, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանայք և երեխա խնամող աշխատողները, եթե նրանց համար գործատուն չի ապահովում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքները։ Մյուս դեպքերում աշխատանքային խախտված իրավունքի վերականգնման միակ տարբերակն այսօր դատարանն է: 2004 թվականին ստեղծվել էր Աշխատանքի պետական տեսչությունը, որի հիմնական գործառույթն էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնել գործատուների կողմից ՀՀ աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ-իրավական ակտերի պահպանման նկատմամբ: Տեսչական բարեփոխումների շրջանակում ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25-ի որոշմամբ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը լուծարվել է և ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ միաձուլվելով վերակազմակերպել ՀՀ առողջապահական պետական տեսչության: ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ ընդունվել է ներկայումս գործող տեսչական մարմնի կանոնադրությունը, որի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը վերակազմավորվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի։ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ, իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից: Նմանատիպ խնդիրների դեպքում քաղաքացին պետք է դիմի դատարան: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է աշխատանքի տեսչության ինստիտուտը և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-265-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը։ Օրենսգրքի նոր խմբագրությամբ 33-րդ հոդվածն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից: Այսինքն՝ աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում արդեն կլինի հասցեական մարմին, որն արագ կարող է արձագանքել: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ նախարարությունն օրենքի նախագծով առաջարկում է արտակարգ դրության ժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին տալ լիազորություն՝ ստացված բողոքների հիման վրա աշխատանքային օրենսդրության խախտումների մասով վերահսկողություն իրականացնելու։

Նմանատիպ նյութեր