211652_close_icon
views-count16024 դիտում article-date 18:37 01-04-2020

Ժամանակի հրամայականն է առաջին հերթին համախմբվել գիտելիքի ամենազոր ուժի շուրջ. ՄՊՀ մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երիցյան վարժարանի համահիմնադիր Ռ. Հ. Տոնեյանի ուղերձը

ՄՊՀ մասնաճյուղի Երիցյան վարժարանի հարգելի՛ աշխատակիցներ, թանկագի՛ն աշակերտներ և ծնողներ, մեր երկրում և աշխարհում ստեղծված իրադրությունը լուրջ փորձություն է բոլորիս համար։ Ժամանակի հրամայականն է առաջին հերթին համախմբվել գիտելիքի ամենազոր ուժի շուրջ։ Հպարտությամբ եմ փաստում, որ արտակարգ դրություն սահմանելու առաջին իսկ օրվանից առանց հապաղելու, չսպասելով որևէ հրահանգի, հրամանի կամ օգնության, կրթական գործընթացի անընդհատությունն ապահովելու, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների և ընդունելության քննությունների ծրագրերի ողջ ծավալը կատարելու նպատակով վարժարանի անձնակազմը աշակերտների ու նրանց ծնողների հետ համատեղ ձեռնամուխ եղավ ուսուցման հեռավար ձևի ներդրման գործընթացին։ Հպարտության զգացումով եմ հետևում այն աշխատանքին, որ ծավալվում է այսօր վարժարանում։ Ձեր միասնական ու նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ այսօր վարժարանի առցանց հարթակում ուսումնական թեժ գործընթաց է։ Երիցյան վարժարանը դարձել է ոչ միայն հեռավար ուսուցման ծրագրերի հմուտ օգտագործող, այլև տեխնիկական աջակցություն ցուցաբերող, տեսադասեր և առցանց առաջադրանքներ ստեղծող ուսումնական հաստատություն։ Ոգևորիչ է այն փաստը, որ չեն դադարել առարկայական խորացված խմբերի աշխատանքները, մեր սաները շարունակում են ընդգրկված մնալ հանրապետական և միջազգային մրցութային ծրագրերում։ Այս օրերին ճիշտ գնահատվեց իրադրությունը և հատուկ ուշադրություն դարձվեց նաև հասարակության հետ կապերին, ինֆորմացիայի ճիշտ և ժամանակին մատուցմանը։ Կայքի մշտական թարմացումներն ու նորովի ներկայացումն իրենց ուրույն տեղն ունեն վերջին օրերին մեր գրանցած հաջողությունների մեջ։ Ձեր աշխատանքի շնորհիվ ես կրկին համոզվում եմ, որ մեր ժողովրդի ձգտումը դեպի կրթությունն անսպառ է և անկոտրում։ Դուք կատարել եք և կատարում եք կարևոր առաքելություն, որն արժանի է բարձր գնահատանքի։ Ուզում եմ հավաստել, որ Հոգաբարձուների խորհուրդը, անկախ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունից և Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ժամկետի երկարաձգումից, երաշխավորում է մեր աշխատակիցների աշխատատեղերի պահպանումը՝ առանց աշխատավարձերի իջեցման, և իրականացնում է մանկավարժների աշխատավարձերի վճարումը հեռավար պարապմունքների համար։ Վարժարանը շարունակում է հավատարիմ մնալ նաև աշակերտների և ծնողների առջև ունեցած իր պարտավորություններին՝ լիովին իրականացնելով կրթական գործընթացը`համաձայն վարժարանի ուսումնական պլանների։ Վստահ եմ, որ ձեր անձնուրաց ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ մենք ոչ միայն պատվով դուրս կգանք այս փորձությունից, այլև կունենանք նշանակալի ձեռքբերումներ՝ հմտանալով կրթության կազմակերպման ժամանակակից ձևերի ու մեթոդների մեջ։ Եվ ասվածիս ապացույցներն արդեն իսկ ակներև են։ Մենք բարձր նշաձող ենք սահմանել վարժարանի համար. չէ՞ որ այն աշխարհի լավագույն բուհերից մեկի՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից վարժարանն է։ Եվս մեկ անգամ մեծ երախտագիտություն եմ հայտնում ձեզ համագործակցության համար: Առո՛ղջ եղեք, և թող առցանց դպրոցը Աստծո կամոք շուտով վերադառնա մեր վարժարանի հյուրընկալ օջախ։ [b]ՄՊՀ մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երիցյան վարժարանի համահիմնահիմնադիր Ռ. Հ. Տոնեյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր