211652_close_icon
views-count3618 դիտում article-date 16:16 31-03-2020

Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որն այս օրերին ակտիվ գործունեություն է ծավալում օնլայն հարթակում, «Պատառիկներ նամակներից» շարքով շարունակում է արվեստասերներին ծանոթացնել Սպենդիարյանի ստեղծագործական և մտերմիկ միջավայրին։ Շարքի շրջանակում տուն-թանգարանը հրապարակել է անվանի դաշնակահար, մանկավարժ Էգոն Պետրիի նամակը՝ ուղղված Ալեքսանդր Սպենդիարյանին: «Մեծարգո պարոն Սպենդիարով, Ձեր հոբելյանի մասին լուրը, ցավոք, չափազանց ուշ ստացա, որպեսզի կարողանայի ժամանակին գրել Ձեզ: Ես նոր եմ վերադարձել Լեհաստանի համերգային շրջագայությունից և շտապում եմ, թեև ուշացումով, Ձեզ փոխանցել իմ սրտագին շնորհավորանքները: Հուսով եմ, որ այդ նշանակալից օրը անցկացրել եք քաջառողջ և ուրախալի տրամադրությամբ: Շատ ցավում եմ, որ անձամբ չեմ կարողացել ներկա գտնվել: Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, կմեկնեմ Մոսկվա և այնտեղ կմնամ մինչև հունվար: Հուսով եմ, որ ճանապարհն ինձ կբերի նաև Էրիվան, որի սրտագին ընդունելությունն ու հաճելի մարդկանց միշտ երախտագիտության զգացումով եմ հիշում: Լավագույն բարեմաղթանքներս Ձեզ, Ձեր հարգարժան ընտանիքին և Էրիվանի բոլոր լավ ընկերներին, մնում եմ նվիրված Ձեզ՝ Էգոն Պետրի»: 11 հոկտեմբերի, 1926 թ. Ավստրիացի դաշնակահարը 1926 թվականի մարտի 4-ին և 5-ին մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Երևանում և հյուրընկալվել Մելիք-Աղամալովների տանը, որտեղ այդ ժամանակ բնակվում էր Ալեքսանդր Սպենդիարյանը:

Նմանատիպ նյութեր