211652_close_icon
views-count5427 դիտում article-date 14:24 31-03-2020

ԱԺ-ն չընդունեց կոնտակտավորներին գտնելու համար հեռախոսազանգերը ֆիքսելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծների փաթեթը, որով կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով առաջարկվում էր ֆիքսել հեռախոսազանգերի փաստը: «[url=https://armenpress.am/arm/news/1010657.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ մարտի 31-ի նիստում չընդունվեց՝ ստանալով 65 կողմ ձայն: Անհրաժեշտ էր 67 կողմ ձայն։ Իշխող խմբակցության պատգամավորները գրանցվել էին, սակայն քվեարկության պահին դուրս էին եկել դահլիճից։ Կողմ քվեարկողներից մեկն էլ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագիծը ներկայացնելիս անդրադառնալով նրան, թե ինչ տեղեկություններ են հավաքվելու, նշել էր՝ մասնավորապես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակեցվել է առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմիններից տվյալներ պահանջելու և ստանալու հնարավորությունն ու կարգը, բացառվել է ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորույթունը, և սահմանվել է, որ բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրության ավարտից մեկ ամիս հետո: Առաջարկվող սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, այդ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու: Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվելու և չի մշակվելու, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում համաճարակի դեմ պայքարելու համար, այսինքն` նոր տվյալների հավաքագրման մասին խոսք չի գնում: Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ միայն անձնավորված, այլ նաև ապանձնավորված տվյալները: Փաթեթը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, ֆիքսվելու է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը շարունակում է դեմ մնալ նախագծին, նա նկատեց՝ դահլիճում իշխանական 65 պատգամավոր կա, որոնց ձայները միայն բավարար չեն նախագիծն ընդունելու համար, նա առաջարկեց ԲՀԿ-ի գործընկերներին ևս չմասնակցել քվեարկությանը, որ նախագիծը չընդունվի: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցնելով, որ 50 նոր դեպք է արձանագրվել, նկատեց՝ իրենցից պատասխանատու որոշում է ակնկալվում և ինքը կողմ է քվեարկելու նախագծին, կոչ արեց նույն կերպ քվեարկել նաև ընդդիմադիր գործընկերներին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց՝ կորոնավիրուսի տարածման արագությունը մեծ է, և առաջարկվող լուծումներն էլ պետք է լինեն արագ, նա նշեց՝ խմբակցությունը կողմ է քվեարկել: Քվարկությունից հետո Մակունցը նշեց՝ ընդդիմությունը իր նման կեցվածքով նպաստում է նրան, որ բուժհամակարգը պարալիզացվի:

Նմանատիպ նյութեր