211652_close_icon
views-count8075 դիտում article-date 13:40 31-03-2020

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ցանկանում է տեսնել բարեկարգ և բարեկեցիկ հայրենիք

Ստեփանակարետի 1/22 ընտրատարածքում մարտի 31-ին՝ ժամը՝ 11:00-ին իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ կնոջ և դստեր հետ: «[url=https://armenpress.am/arm/news/1010643.html]Արմենպրես[/url]»–ի փոխանցմամբ` քվեարկությունից հետո լրագրողների հետ ճապազրույցում Հարությունյանն ասել է, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի, համերաշխության, խաղաղության և առողջության: Նախագահի թեկնածուն ցանկանում է տեսնել բարեկարգ, բարգավաճ և բարեկեցիկ հայրենիք: «Շատ լավ եմ գնահատում ընտրությունների ընթացքը: Ակտիվություն կա քաղաքացիների կողմից, և սա Արցախի քաղաքացիների բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին»,- ասել է Հարությունյանը: Խոսելով աշխարհում տարածված նոր տեսակի կորոնավիրուսի մասին՝ ԱՀ նախագահի թեկանծուն նշել է, որ այսօր ավելի մեծ մարտահրավերներ են սպասում, և պետք է միավորվել ազգովի՝ դիմակայելու ոչ միայն համաճարակին, այլև սպասվող տնտեսական աղետին: Դրա համար Արցախում պետք է ունենալ լեգիտիմ իշխանություն, որը, Հայաստանի իշխանությունների հետ համատեղ, կարողանալու է իրականացնել այն կարևոր առաքելությունը, որ սպասում է մեզ: «Համոզված եմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերի վճռականությունն այնքան բարձր է լինելու երկրի ապագայի նկատմամբ, որ մենք ունենալու ենք ավելի համախմբված Արցախ: ԱՀ նախագահի բոլոր թեկնածուներն էլ ինձ համար հարազատ են և գրեթե բոլորի հետ ունեմ անցած ճանապարհ: Ճանաչելով նրանցից յուրաքանչյուրին՝ համոզված եմ, որ վաղը լինելու ենք միասնական: Հայաստանի իշխանությունների կողմից բոլորն էլ ունեն աջակցություն: Արցախում ինձ բոլորն էլ բարեկամ են, և պատրաստ եմ բոլոր թեկնածուների հետ համագործակցել»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։ Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. «Ազգային վերածնունդ» կուսակցություն «Միասնական հայրենիք» կուսակցություն «Անկախության սերունդ» կուսակցություն «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն Արցախի հեղափոխական կուսակցություն «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք Արցախի «Արդարություն» կուսակցություն Արցախի ժողովրդավարական կուսակցություն «Միացյալ Հայաստան» կուսակցություն Արցախի պահպանողական կուսակցություն Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

Նմանատիպ նյութեր