211652_close_icon
views-count5737 դիտում article-date 22:12 30-03-2020

Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանի մասնաճյուղը կորոնավիրուսի տարածման ֆոնին կվճարի բոլորի աշխատավարձերը՝ ամբողջությամբ

Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանի մասնաճյուղի հարգելի՛ աշխատակիցներ, ուսումնական մասի մասնագետներ, դասախոսներ, թանկագին ուսանողներ Մեր հանրապետության և ակադեմիական ողջ հանրության համար ոչ հեշտ այս ժամանակներում թույլ տվեք Հոգաբարձուների խորհրդի և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ Մասնաճյուղի կրթական գործընթացը որակով իրականացնելու նպատակով կատարած աշխատանքի համար։ ՄՊՀ Երևանի մասնաճյուղը Հայաստանում առաջիններից մեկը օպերատիվորեն արձագանքեց ձևավորված իրադրությանը և կարողացավ ամենակարճ ժամկետներում անցնել հեռավար ուսուցման։ Մեծ աշխատանք կատարվեց նոր դասացուցակ կազմելու, Հայաստանի և Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ ֆակուլտետների մասնագետների հետ հեռավար հարթակներ, պարապմունքների անցկացման ժամանակացույցներ ձևավորելու համար։ Այսօր մենք մեծ վստահությամբ կարող ենք փաստել, որ ՄՊՀ ռեկտոր ակադեմիկոս Վ. Ա. Սադովնիչիի՝ Մոսկվայի համալսարանի և նրա կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների հեռավար ուսուցման անցնելու մասին հրամանը Մասնաճյուղում լիովին իրականացվում է։ Մասնաճյուղի և ՄՊՀ ֆակուլտետների հարգելի՛ դասախոսներ, ձեզ հատուկ երախտագիտություն եմ հայտնում հեռավար ուսուցման անցնելու առաջարկին ճիշտ ժամանակին արձագանքելու համար։ Ձեզանից շատերը ստիպված եղան սեղմ ժամկետում վերակառուցել դասընթացների աշխատանքային ծրագրերը և դրանք հարմարեցնել վիրտուալ հարթակներին, ոմանք էլ նոր յուրացրեցին առցանց հարթակներում աշխատելու ձևը։ Ուզում եմ ընդգծել, որ դուք բոլորդ այդ խնդիրը լուծեցիք ամենաբարձր մակարդակով։ Թանկագի՛ն ուսանողներ, մագիստրոսներ, կուրսերի ավագներ, երախտագիտություն եմ հայտնում ձեզ առցանց պարապմունքների ժամանակ գիտելիքների ծարավ և ակտիվություն ցուցաբերելու, ներկայություն ապահովելու և գործընթացը կազմակերպելու նկատմամբ պատասխանատու մոտեցում ունենալու համար։ Ուզում եմ առանձնահատուկ հավատացնել, որ Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղի Հոգաբարձուների խորհուրդը, անկախ կորոնավիրուսի տարածման վիճակից և Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության ժամեկտի երկարաձգումից, աշխատակիցներին երաշխավորում է աշխատատեղերի պահպանումը՝ առանց աշխատավարձերի իջեցման, և իրականացնում է դասախոսների ժամավճարի վճարումը հեռավար պարապմունքների համար։ Մասնաճյուղը ուսանողների առջև նույնպես պարտավորություն է ստանձնում լիովին իրականացնելու կրթական գործընթացը՝ համաձայն Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ ուսումնական պլանների։ Եվս մեկ անգամ մեծ երախտագիտություն եմ հայտնում ձեզ համագործակցության համար, մաղթում եմ առողջություն և ընտանեկան բարեկեցություն։ Պահպանե՛ք ձեզ և ձեր հարազատներին։ Երևանում ՄՊՀ մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռ. Տոնեյան

Նմանատիպ նյութեր