211652_close_icon
views-count4319 դիտում article-date 16:34 29-03-2020

Կյանքից հեռացել է լեհ հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Կյանքի 87-րդ տարում մահացել է անվանի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միության «Ֆեյսբուք»-ի էջը՝ հավելելով, որ 2014 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից Պենդերեցկուն շնորհվել էր միության պատվավոր անդամի կոչում: Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Պենդերեցկին իր հայկական արմատների մասին խոսել է «Արմենպրես»-ին տրված բացառիկ հարցազրույցում։ Հայաստան այցի ժամանակ նա հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ տուն: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2018 թվականին աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոներ, համերգաշարեր։ Լեհ մեծ կոմպոզիտորի հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկել են փետրվարին Հայաստանից, որտեղ «Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշրջանի ընթացքում հնչել են Պենդերեցկու ստեղծագործությունները, շատերը՝ Հայաստանում առաջին անգամ։ Համերգաշրջանն իր ներկայությամբ պատվել էր ինքը՝ կոմպոզիտորը։

Նմանատիպ նյութեր