211652_close_icon
views-count2798 դիտում article-date 16:55 27-03-2020

ԵՊԲՀ-ն հաղթել է ARICE թվինինգ ծրագրում, ինչի արդյունքում կիրականացնի «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» ծրագիրը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաղթել է «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագրում: Այն նպատակ ունի Հայաստանում բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների հնարավորությունները քաղցկեղի հետազոտության ոլորտում` զարգացնելով ժամանակակից բիոբանկի տվյալները, հետազոտությունները: Նշված նպատակին հնարավոր է հասնել այդ ոլորտի առաջատար համալսարանների հետ սերտ համագործակցության արդյունքում: ԵՊԲՀ-ն` որպես համակարգող, ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի, Ֆրանսիայի քաղցկեղի ուսումնասիրության միջազգային կենտրոնի և Չեխիայի Կառլովա համալսարանի մասնակցությամբ` տարածելով իր կարողությունները` ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակում: Հայաստանում նշված հետազոտման ենթակառուցվածքի ստեղծումը պայմանավորված է քաղցկեղի հիվանդացության և մահացության, նաև հազվադեպ չարորակ հիվանդությունների տարածվածության շատ բարձր ցուցանիշներով` համեմատելով եվրոպական երկրներում կատարվող հետազոտությունների հետ: ARICE նախագիծը ապահովելու է քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքի զարգացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ` տարածաշրջանում: Քաղցկեղի կանխարգելման, մասնավորապես` բիոմարկերների լայնածավալ պոպուլյացիոն հետազոտությունները նպաստելու են նոր գիտական նվաճումներին և բուժման հաջողություններին: ARICE նախագծի իրականացումը հիմքեր կստեղծի կլինիկական բժշկության, կենսաբանության, բժշկական էթիկայի, բժշկական տնտեսագիտության, կենսաստատիստիկայի զարգացմանը: Բժշկական համալսարանի կողմից համակարգվող, 3 տարի տևողությամբ «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագիրը կիրականացվի ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի մասնագետների կողմից, որոնք մեծ փորձ ունեն քաղցկեղի գենետիկայի ուսումնասիրության ոլորտում:

Նմանատիպ նյութեր