211652_close_icon
views-count1321 դիտում article-date 20:40 23-03-2020

Արցախում բարձր են գնահատում Աբխազիայի հետ բարեկամության և սերտ համագործակցությունը․ Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Ասլան Բժանիային: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Ասլան Գեորգիի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ձեր անցած ճանապարհը, գիտելիքները, պետական ու քաղաքական գործչի փորձը, անկասկած, կծառայեն Աբխազիայի հետագա բազմակողմանի զարգացմանն ու նրա պետական ինքնիշխանության ամրապնդմանը: Արցախում բարձր են գնահատում Աբխազիայի հետ բարեկամության և սերտ համագործակցության ավանդույթների վրա հիմնված եղբայրական հարաբերությունները: Համոզված եմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև կապերը հետագայում ևս կընդլայնվեն ու կխորանան: Կրկին շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Ասլան Գեորգիի, պետության ղեկավարի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ բարեկեցություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ հանուն Աբխազիայի խաղաղության և բարգավաճման»:

Նմանատիպ նյութեր