211652_close_icon
views-count2020 դիտում article-date 10:31 19-03-2020

Քաղաքական գործիչները արտակարգ դրության ժամանակ պետք է լինեն առավելագույնս զուսպ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Թե ինչպես պետք է աշխատեն լրատվամիջոցները արտակարգ դրության պայմաններում՝ ընդհանուր առմամբ պարզ է: Նրանք չպիտի թվեր, անուններ և «օջախներ» հրապարակեն, եթե դրանց աղբյուրը պաշտոնական չէ: Այդ պահանջը տրամաբանական է: Եվ «Առավոտը» հենց այդպես էլ աշխատում էր նաև արտակարգ դրություն հայտարարելուց առաջ՝ առաջնորդվելով «չվնասելու» սկզբունքով: Սակայն այստեղ էլ պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ: Եթե որևէ համաշխարհային դեմք՝ քաղաքական գործիչ, դերասան կամ սպորտսմեն սոցցանցի իր պաշտոնական էջում հայտարարում է, որ վարակված է կորոնավիրուսով կամ որևէ երկրի ղեկավար տեղեկատվություն է տարածում իր երկրում վարակի չափերի մասին, և հայաստանյան ԶԼՄ-ները վերարտադրում են այդ տեղեկատվությունը, դժվար թե դա Հայաստանում խուճապ առաջացնի: Ֆեյսբուքյան օգտատերերից որևէ բան պահանջելը, իմ կարծիքով, անիմաստ է: Երևանում դեռևս հնարավոր է, որ ոստիկանները այդ օգտատիրոջ տան դուռը ջարդեն և պահանջեն, որ նա հեռացնի պարետատան կարծիքով վտանգավոր գրառումը: Իսկ եթե նա ապրում է Գլենդեյլո՞ւմ կամ Սախալինում: Որպեսզի անհարկի տագնապներ չառաջանան՝ արտակարգ դրության պայմաններում ճիշտ տեղեկատվական քաղաքականություն պետք է վարի նաև պետությունը: Եթե ստեղծվել է պարետատուն, ապա այն պետք է ունենա մամուլի քարտուղար, որն այս շաբաթների ընթացքում պիտի դառնա պետության հիմնական խոսնակը: Հենց նա էլ պիտի հայտարարի կորոնավիրուսի հետ կապված թվերի և օջախների մասին տեղեկատվությունը, որը ստանում է տարբեր գերատեսչություններից: Խոսնակը պետք է մշակի այդ տեղեկությունները հաղորդելու առավել չեզոք, հույզերից ազատ ձևակերպումները: Ինչո՞ւ թվերը չպիտի հայտարարեն վարչապետը կամ նախարարները: Շատ պարզ՝ նրանք քաղաքական գործիչներ են, քաղաքական թիմի անդամներ, որոնց խոսքը, իրենց կամքից անկախ, ընկալվում է որպես քաղաքական ուղերձ, որպես այս կամ այն խմբի շահերի արտահայտություն: Բացի այդ՝ ամենաբարձր պաշտոնյայի հայտնած տեղեկությունը շատ դժվար է հերքել կամ շտկել: Իսկ խոսնակի ասածների մեջ, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է ճշգրտումներ մտցնել: Նախագահը և վարչապետը, իմ պատկերացմամբ, պետք է խոսեն արտակարգ դրության սկզբում և վերջում: Կամ ինչ-որ շատ կարևոր, հանգույցային կետերում: Բայց հաստատ՝ ոչ ամեն օր կամ առավել ևս՝ օրը մի քանի անգամ: Ինչու ցանկալի չէ, որ արտակարգ դրության ժամանակ պետությունն ունենա մի քանի խոսնակներ: Դա էլ է պարզ. խոսնակների բազմազանությունը բերում է նրան, որ թվերն ու տեղեկությունները իրար հակասում են, թեկուզ այն պատճառով, որ հաղորդվում են օրվա տարբեր ժամանակահատվածներում, այն դեպքում, որ իրավիճակը շատ արագ է փոխվում: Բացի այդ՝ վարչապետը, փոխվարչապետը, նախարարներն ու փոխնախարարներն ունեն բազմաթիվ պարտականություններ և չեն կարող կենտրոնանալ միայն հանրությանը տեղեկություն հաղորդելու վրա: Դա խոսնակի և նրա թիմի գործն է: Իսկ պատգամավորնե՞րը: Նրանք նույնպես քաղաքական գործիչներ են և արտակարգ դրության ժամանակ պետք է լինեն առավելագույնս զուսպ: Այժմ ինքնագովազդի լավագույն ժամանակը չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր