211652_close_icon
views-count5952 դիտում article-date 15:44 18-03-2020

Ըմբռնումով մոտեցեք ժամկետային զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. Արտակ Դավթյանի ուղերձը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին: Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային եւ միասնական ջանքերով պայքարելու եւ կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետեւանքները երկրի տնտեսության վրա: ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, եւ հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար: Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ. 1. Անհարկի չմիջամտել համաճարակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարության եւ այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցառումներին, 2. Գիտակցված եւ ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վարակակիր քաղաքացիների հետ բացառելուն, 3. Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ եւ այլ միջոցներ ուղարկելուց: 4. Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար: Ցուցաբերելով առավելագույն զգուշություն եւ զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները: Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ եւ փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաեւ այս մարտահրավերը: Առողջություն եմ մաղթում բոլորիս»:

Նմանատիպ նյութեր