211652_close_icon
views-count72705 դիտում article-date 17:31 16-03-2020

Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվում

ՀՀ կառավարության արտահերթ նիստը շարունակվեց: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագծում որոշ խմբագրումներ են արվել: Նախ՝ փոխվել է արտակարգ դրություն հայտարարելու ժամը. համաձայն խմբագրված տարբերակի՝ արտակարգ դրություն է հայտարարվելու այսօր՝ ժամը 18:30-ից՝ նախկին 17:00-ի փոխարեն: Նաև հստակեցվեց այն անձանց շրջանակը, ում Հայաստան մուտքի ու ելքի իրավունք կտրվի: Կառավարությունն ընդունեց որոշումը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում: Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն Պարետատան ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանինը: Պարետատան կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան աշխատանքների սպասարկումը կապահովի վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը: [b]Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը. հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները՝ կրոնական, ծիսական միջոցառումները, համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները, տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:[/b] Արտակարգ դրության ողջ ընթացքում [b]դադարեցվում է[/b] պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն [b]ուսումնական հաստատություններումներում,[/b] արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության: Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով: Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն պատգամավորներին ու աշխատակազմին խնդրել է պատրաստվել ԱԺ հատուկ նիստին: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Նմանատիպ նյութեր