211652_close_icon
views-count1790 դիտում article-date 19:28 16-03-2020

Փրկարար ծառայությունը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի․ ԱԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցել են ծառայության ընթացքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև իրավիճակով պայմանավորված առաջացած հարցերի վերաբերյալ: Տնօրենին զեկուցվել է Երևանում և մարզերում գործող Արտակարգ իրավիճակների հանձնաժողովների արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանված «Համաճարակի դեպքում մարզային (Երևան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան–ժամանակացույց»-ի ներդրումն ապահովող կազմակերպչական հարցեր։ Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը զեկուցել է, որ երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի համաձայն՝ 9-րդ կետով, ԱԻՆ ՓԾ կողմից ձևավորվել են մասնագիտացված թիմեր՝ շտապ օգնության ֆելշերային 4 բրիգադ, բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Զեկուցվել է նաև, որ Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների ու Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի ստորաբաժանումներում ստեղծվել են համապատասխանաբար 5 և 10 փրկարարից բաղկացած համահավաք հատուկ վարակազերծման խմբեր, ի լրումն արդեն իսկ գործող թվով 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։ Քննարկվել են կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցել է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով դասընթացները բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են, և իրենք կրկին էլեկտրոնային եղանակով կշարունակեն ուսուցումը: Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության 24–ժամյա ծառայության անձնակազմի հետ շարունակել իրականացնել կրկնակի հրահանգավորում՝ վարքականոնների իմացության և իրազեկման նպատակով օգտագործել առողջապահության նախարարության հրահանգները՝ որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները: Հանձնարարվել է բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ՝ արձագանքման խմբերի մարտունակության ապահովման նպատակով: Վ. Գաբրիելյանը նշել է, որ ԱԻ նախարարի հրամանի համաձայն, չեղարկվում են բոլոր արտերկրյա գործուղումներն ու միջոցառումները, իսկ երկիր ներսում իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Խորհրդակցության ընթացքում Վ. Գաբրիելյանն անդրադարձել է նաև Փրկարար ծառայության գործունեության հետ առնչվող մի շարք այլ հարցերի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր