211652_close_icon
views-count9614 դիտում article-date 21:20 15-03-2020

Վիտալի Բալասանյանի կոչը Բակո Սահակյանին՝ կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Կոչում ասվում է. «Հարգարժան պարոն Սահակյան, Ձեր լիազորությունների ժամկետը մոտենում է ավարտին և շուտով Դուք կազատվեք երկրի նախագահի պատասխանատվության ծանր բեռից, սակայն այդ պահը դեռ չի եկել: Քանի դեռ ընտրությունները և նոր նախագահի երդման արարողությունը չեն կայացել, Դուք եք պատասխանատու երկրի անվտանգության, պետության քաղաքացիների առողջության և կյանքի համար: Այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում ուժգնանում է կորոնավիրուսի տարածումը, անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի հստակ և շատ ակտիվ գործողություններ: Այս պնդման համար հիմք են հանդիսանում մեր և արտերկրի մասնագետների կողմից իրականացված վերլուծությունը։ Ներկայացնում եմ Ձեզ վերլուծության հակիրճ բովանդակությունը: Փետրվարի վերջին վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արեւելքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը ճանաչել է պանդեմիա: Այսօր կորոնավիրուսի էպիկենտրոն են հանդիսանում Իրանը, Իտալիան, Իսպանիան և Եվրոպայի մեծ մասը: Մահվան դեպքերը, ցավոք, հասնում են հազարների և ԱՀԿ-ի կանխատեսումները խիստ անհանգստացնող են. Նշված երկրներում սկսվում է պանդեմիա, որի զարգացումն անխուսափելի է: Կորոնավիրուսի տարածման առանձնահատկությունները՝ վարակը արագ է փոխանցվում․ այն կարող է փոխանցվել վարակակիրի հետ որոշ հեռավորության վրա գտվելու դեպքում՝ առանց անմիջական շփման, տարածվում է էքսպոնենցիալ կերպով. հիվանդների թիվը բազմապատկվում է յուրաքանչյուր 6-րդ օրը, ինկուբացիոն շրջանը տևում է 14 օր․ երկու շաբաթ մարդը կարող է վարակակիր լինել, սակայն չիմանալ այդ մասին։ Սակայն առավել կարևոր է տարբեր տարիքային և սոցիալական խմբերի վրա վիրուսի ազդեցության առանձնահատկությունների բացահայտումը, մասնավորապես ամենախոցելի խմբերի, որոնց պարագայում արձանագրվում են մահվան ելքեր: Առաջինը՝ կորոնավրուսը առավել վտանգավոր է տարեց բնակչության համար: Կորոնավիրուսից մահվան դեպքերը կախված տարիքից՝ 0-9 տարիքային խմբում՝ 0% 10-39 տարիքային խմբում՝ 0.2% 40-49 տարիքային խմբում՝ 0.4% 50-59 տարիքային խմբում՝ 1.3% 60-69 տարիքային խմբում՝ 3.6% 70-79 տարիքային խմբում՝ 8% 80+ տարիքային խմբում՝ 14.8% (Եզրահանգումները հիմնված են հիվանդության 72 314 դեպքերի ուսումնասիրության վրա) Երկրորդը՝ կորոնավիրուսը առավել վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն հետևյալ առողջական խնդիրները՝ * սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա (մահացությունը՝10,5%), * շաքարային դիաբետ (7,3%), * քրոնիկ հարբուխային հիվանդություններ(6,3%), * ուռուցքներ (հստակ տվյալներ չկան)։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն բանի վրա, որ իմ տեղեկությունների համաձայն, Իտալիայում և Իսպանիայում ներդրվել է «ռազմական բժշկության» հատուկ ռեժիմ՝ փրկում են նրանց, ում հնարավոր է փրկել: Պետական մակարդակով որոշում է կայացվել չփրկել հատուկ ռիսկային խմբերին ՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող տարեցներին։ Դա նշանակում է, որ նույնիսկ եվրոպական զարգացած երկրների առողջապահական համակարգը չի կարողանում փրկել կամ գոնե օգնություն ցուցաբերել բոլոր հիվանդներին։ Այսինքն, իրավիճակը շատ լուրջ է: Հայաստանում մարտի 14-ի դրությամբ գրանցվել է վարակման 20 դեպք: Նույն ժամանակահատվածում Իրանում վարակվածների թիվը կազմել է 11 364 մարդ, մահացածների թիվը հասնում է 514-ի: Փաստացի առկա է ԱՀ վարակի ներթափացնման հնարավորությունը, և դա արհամարհելը անհեռատես է և վտանգավոր։ Ըստ իս, Արցախի համար իրավիճակը կրիտիկական է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն հանրապետության բնակչության 18%-ը 60 տարեկանից բարձր է: Նրանց մեծ մասը առողջական խնդիրներ ունի: Խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց մասին է, որոնք գտնվում են ռիսկային խմբում: Մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ կորոնավիրուսը ներթափանցի Արցախ և պատրաստ լինենք այն վայրկյանապես կանխել: Սակայն, այս պահին երկրի պատրաստվածությունը մոտ է զրոյականի, և դա մեր երկրի ազգային անվտանգության համակարգի կառավարման ուղղակի հետևանքն է: Ենթադրում եմ, որ այս իրավիճակը կարող է կապված լինել ոչ բավարար տեղեկացվածության հետ, քանի որ Արցախում իսկապես չկան մասնագետներ, համաճարակաբաններ, որոնք ունակ են օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը և պարզաբանել բոլոր ռիսկերը: Այս վերլուծությամբ ես լրացնում եմ այդ բացը եւ մեկ անգամ եւս հիշեցնում Ձեզ երկրի բարձրագույն պաշտոնատար անձի պատասխանատվության մասին՝ իր քաղաքացիների կյանքի եւ առողջության համար: Կարծում եմ ՝ այս պահին Դուք, որպես գործող Նախագահ, պարտավոր եք մի շարք հրատապ միջոցներ ձեռնարկել, որոնք են՝ * Սահմանին ապահովել իրական, այլ ոչ թե ֆորմալ բժշկական վերահսկողություն. ջերմության պարտադիր չափում, հարցաթերթիկի լրացում՝ վարակվածների հետ հնարավոր շփման բացահայտման նպատակով: * ԱՀԿ-ից պարզել գործողությունների փաթեթը, որը կօգնի բժիշկներին, որոնք բացահայտում, բուժում և մեկուսացնում են վարակվածներին: * Երկիր հրավիրել համաճարակաբաններ և նրանց օժտել հատուկ լիազորություններով ՝ համաճարակաբանական իրավիճակի ինվենտարիզացիայի և բուժմանը պատրաստ լինելու համար: * Ստեղծել կարանտինային գոտիներ, որտեղ հնարավոր կլինի անհրաժեշտության դեպքում մեկուսացնել հիվանդներին: * Կազմակերպել վարակման պրոֆիլակտիկայի քարոզչության աշխատանքները, տարածել ԱՀԿ-ի խորհուրդները, վերահսկել դրանց կատարումը այնտեղ, որտեղ հնարավոր է: * Դիմել Սփյուռքին հումանիտար օգնության կազմակերպման համար։ * Ձևավորել միասնական իրավիճակային շտաբ, որը կհակազդի կորոնավիրուսի տարածմանը՝ միջացոռումների համալիր ղեկավարումը կենտրոնացնելու նպատակով: Վստահ եմ, որ խոհեմություն կցուցաբերեք և կմոտենաք հարցին ամենայն պատասխանատվությամբ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր